Եվրոպա

Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները

2 րոպեի ընթերցում

Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները

Մոնակոյի իշխանապետությունում, որը գտնվում է Ֆրանսիայի սահմանից ոչ հեռու, պայթյուն է տեղի ունեցել Ռևերան Պեր Լուի Ֆրոլա փողոցի բնակելի շենքերից մեկում։ Վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ ուկրաինացի բիզնեսմեն Վադիմ Երմոլաևը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների՝ անհայտ մի տղամարդ, որին ֆիքսել են տեսախցիկները, շենքի մուտքի մոտ ուսապարկ է թողել, ապա փախել։ Պայթյուն է որոտացել, երբ մարդիկ շենք են մտել։ Կասկածյալին փնտրում են։

Le Figaro-ն գրում է, որ երեք տուժածները ուկրաինական ընտանիքի անդամներ են՝ 50-ից բարձր տարիքի ծնողները, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և 13-ամյա դեռահաս, որի վիճակը միջին ծանրության է։

Գործարար շրջաններում «Ուկրաինսկայա պրավդա»-ի երկու աղբյուրի խոսքով՝ պայթյունի հետևանքով տուժածներից մեկը գործարար Վադիմ Երմոլաևն է։ Ըստ հրատարակության՝ Վադիմ Երմոլաևը գործարար է Դնեպրից, «Ալեֆ» առևտրաարտադրական կորպորացիայի հիմնադիրն է և քաղաքի խոշորագույն կառուցապատողներից մեկը։ Նա, ըստ Forbes-ի վարկածի, կանոնավոր կերպով ընդգրկվել է Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակում, սակայն հետագայում հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից՝ Կիպրոսի անձնագիր ստանալու համար։ Նրա նկատմամբ Ուկրաինայում պատժամիջոցներ են սահմանվել։

Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը դատապարտել է տեղի ունեցածը։

«Մոնակոյում տեղի ունեցած պայթյունը ցնցել է ամբողջ մոնեգասկյան համայնքը», - ասվում է Մոնակոյի իշխանական պալատի պաշտոնական հայտարարության մեջ։

Ալբերտ II-ը նշել է հասարակական անվտանգության ուժերի «բացառիկ աշխատանքը», ինչպես նաև ցավակցություն հայտնել տուժածներին և նրանց մերձավորներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում