Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»-ին նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

5 րոպեի ընթերցում

«Հայփոստ»-ը մարեց և շրջանառության մեջ դրեց մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:

Մարման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 26-ին՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 560 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա  պատկերված են մեծանուն հայ ճարտարապետ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, գեղաթերթիկի վրա պատկերված են Ջիմ Թորոսյանի աշխատանքներից  մի քանիսը, «Կասկադ» համալիրի մի հատվածը, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մուտքը և բացօթյա հատվածը:

Ջիմ Թորոսյանի լուսանկարը «Հայփոստ»-ին տրամադրել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը՝ իր ֆոտոծառայության բացառիկ արխիվից:  

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկի մարման արարողությունն իրականացրին   ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ  Դանիել Դանիելյանը, Հայփոստ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը,  Հայաստանի ճարտարապետների պլատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը և Ջիմ Թորոսյանի  դուստրը՝ Նունե Թորոսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ  Դանիել Դանիելյանը նշեց՝  ուրախալի է, որ Հայփոստի շնորհիվ  կունենանք նոր նամականիշ նվիրված Ջիմ Թորոսյանին:

«Կարևոր է, որ հատկապես այսօր Երևանում և Հայաստանում մենք գիտենք, որ ունեցել ենք դարերից եկած հարուստ ճարտարապետություն, որի հետքն այսօր պահպանվել է մեր ցանկացած պատմամշակութային շենքի, կառույցի, պատի, խաչքարի և փողոցի վրա։ Եվ դա ոչ միայն Երևանում է, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում, և մենք դրանով հարուստ ենք։ Իսկ այսօր, խոսելով ճարտարապետության և քաղաքաշինության մասին, պիտի խոսենք նաև Ջիմ Թորոսյանի թողած հետքի մասին։ Այն տեսնում ենք ամեն օր, և ոչ միայն մենք, այլև ամբողջ աշխարհը, ինչպես նաև այն մարդիկ, որոնք ժամանում են Հայաստան, Երևան»,- ասաց Դանիելյանը։

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ ժառանգության մասին խոսելիս՝ միշտ նշում է, որ այն պետք է պահպանվի, պաշտպանվի, և պետությունը ստանձնում է այդ դերը։ Սակայն, նրա խոսքով, եթե միայն պաշտպանվի ժառանգությունը, այն կարող է կորցնել իր կենսունակությունը։ Նա շեշտեց, որ անհրաժեշտ է այն մանրամասն ուսումնասիրել, անկեղծ հայացքով նայել պատմությանն ու ժառանգությանը և դրա հիման վրա ստեղծել այսօրվանը, որը կդառնա նաև վաղվա ժառանգությունը։

Ջիմ Թորոսյանի  դուստրը՝ Նունե Թորոսյանը, իրենց ընտանիքի կողմից շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր նպաստել են, որպեսզի այս օրը իրականություն դառնա:

«Ուզում եմ առանձին նշել նաև Հայաստանի ճարտարապետների պլատի նախագահ Ալեքսանդր Բադալյանի անունը, որովհետև երբ ես այս կապակցությամբ գնացի նրա մոտ և ասացի՝ այսպիսի մի միտք ունենք, նա ասաց՝ դուք միտք ունեք, իսկ ես արդեն մտածել եմ։ Իհարկե, այդ խոսքերը չէին կարող մեզ չհուզել, և նա անմիջապես գործի անցավ։ Բայց նաև թույլ տվեք մեջբերել հորս խոսքերը։ Նա, հիմնականում դիմելով երիտասարդ ճարտարապետներին, ասում էր՝ «տիտղոսները, գովեստները, մեծարանքը, կոչումները լավ են, ուրախացնում են մարդուն, ինչ խոսք, բայց կարևորը գործն է»։ Երբ Ալեքսանդր Թամանյանի օրինակն էր բերում, ասում էր՝ «Ալեքսանդր Թամանյանը հասել էր իր մասնագիտական փառքի գագաթնակետին, բայց ամեն ինչ թողեց և եկավ աղքատ, քանդված, ավերված, գաղթականներով լցված Հայաստան, որպեսզի մայրաքաղաք կառուցի, և արեց անհնարինը»։ Ասում էր՝ «նրանք, ովքեր կարող են շարունակել այդ անհնարինը, թող կառուցեն»։ Եվ ասում էր՝ «մայրաքաղաքը պիտի կառուցվի մեծագույն նվիրվածությամբ, ամենայն լրջությամբ, հոգատարությամբ և մեծահոգությամբ»։ Այնուհետև ավելացնում էր՝ «տա Աստված, որ Երևանն այդպես էլ կառուցվի»։ Եվ հիմա, նրան հիշելով, ես էլ եմ ասում՝ տա Աստված, որ Երևանն այդպես կառուցվի»,- եզրափակեց նա:

Հայերեն