Եվրոպա

Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Հունիսի 23-ը, 24-ը և 25-ը դարձել են ամենաշոգ օրերը, որ երբևէ գրանցվել է Ֆրանսիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV-ն։

«Հինգշաբթի օրը (հունիսի 25-ին) 30 աստիճան Ցելսիուսի համազգային ջերմաստիճանային ինդեքսով գրանցվել է մեր օդերևութաբանական պատմության մեջ ամենաշոգ օրը՝ հավասարվելով չորեքշաբթի օրվա ցուցանիշներին։ Ավելի կոնկրետ՝ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը ռեկորդներ են սահմանել և հետ մղել 2019 թվականից ի վեր գոյություն ունեցող առաջատարների եռյակին՝ երեք ամենաշոգ օրերը դառնալով 1947 թվականին վիճակագրությունն սկսելուց ի վեր», - նշում է հեռուստաալիքը։

Սաստիկ տապը շարունակվում է ամբողջ Ֆրանսիայում՝ առանձին դեպարտամենտներում հասնելով 43,2 աստիճանի։

Հաղորդվում է, որ հունիսի 25-ին Ֆրանսիայի եվրոպական մասի 96 դեպարտամենտից 72-ում հայտարարվել է եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ կարմիր մակարդակ: Հունիսի 26-ին կարմիր մակարդակ է սպասվում 61 դեպարտամենտում, իսկ 25 դեպարտամենտում՝ նարնջագույն մակարդակ:

Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժյոֆրեն հայտարարել է, որ փակվել է 3500 դպրոց, իսկ շուրջ 10 000-ը կա՛մ փոխել են պարապմունքների գրաֆիկները, կա՛մ դրանք տեղափոխել ավելի հարմար շինություններ։ Երկրի մի շարք դեպարտամենտների ծանուցվել է «շատ բարձր» հրդեհային վտանգավորության մասին։

Այս օրերին անոմալ տապից տառապում է ոչ միայն Ֆրանսիան։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ հունիսի համար ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել Մեծ Բրիտանիայում, որտեղ գրանցվել է 35,7 աստիճան Ցելսիուս։

Շվեյցարիայում հինգշաբթի օրը «զգալիորեն գերազանցվել է» 80-ամյա ամսական ջերմաստիճանային ռեկորդը. երկրի հյուսիս-արևմտյան Բազելում գրանցվել է 38 աստիճան Ցելսիուս։

Նիդեռլանդների օդերևութաբանական ինստիտուտը պատմության մեջ առաջին անգամ հայտարարել է ծայրահեղ շոգի «կարմիր նախազգուշացում», որը հունիսի 26-ին գործում է երկրի մեծ մասում։ Ինստիտուտի տվյալներով՝ առանձին շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 40 աստիճանի։ Նախազգուշացում է տրվել, որ «իրավիճակը վտանգավոր է»։ Տագնապի կարմիր մակարդակը կվերաբերի երկրի 12 նահանգներից ութին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում