Տնտեսություն

ՀԷՑ-ը մանրամասներ է ներկայացրել 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ը մանրամասներ է ներկայացրել 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալ

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ս.թ. հունիսի 17-ին ընդունված որոշմամբ ազատականացվում է 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և կառուցապատվող թաղամասերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 24-ից, և այս պահից սկսած՝ 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և կառուցապատվող թաղամասերի նոր միացման շահառու հանդիսացող բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել Ընկերության ցանկացած սպասարկման կենտրոն և ներկայացնել համապատասխան միացման հայտ։

Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միացումը կիրականացվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի կամ կառուցապատողի կողմից՝ սեփական միջոցներով։

Ստորև ներկայացված է միացման գործընթացի քայլերի հաջորդականությունը.

▪️1. Հայտի ներկայացում.

Տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմող անձը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությանն է ներկայացնում հայտ։

▪️2. Հայտի ուսումնասիրություն և տեխնիկական պայմանների տրամադրում.

Հայտի ներկայացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն մերժվում է, եթե կից ներկայացված փաստաթղթերը թերի են։

Ընկերությունը հայտը ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեխնիկական պայմանները կամ, եթե միացումը չի համապատասխանում գործող պահանջներին, մերժում է հայտը՝ տեղեկացնելով դիմողին։

Տեխնիկական պայմանները գործում են 1 տարի ժամկետով, իսկ դրանց գործողության ժամկետի երկարաձգման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային (ԷԲՑ) կանոններով։

▪️3.Նախագծում և կառուցման աշխատանքներ.

Էլեկտրատեղակայանքների կառուցման և վերահսկման աշխատանքները կատարվում են օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից։

Էլեկտրատեղակայանքների կառուցման աշխատանքների նախագիծը ստանալուց հետո Ընկերությունը 15 օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է այն՝ ներկայացնելով գրավոր հիմնավորումներ։

▪️4.Փաստացի միացում.

Տեխնիկական պայմաններով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո դիմող անձն ապահովում է էլեկտրաէներգիայի ընդունումը և Ընկերություն է ներկայացնում ԷԲՑ կանոններով սահմանված փաստաթղթերը։

Վերոնշյալ փաստաթղթերի ներկայացումից հետո Ընկերությունը, ԷԲՑ կանոններով սահմանված կարգով և ժամկետներում, ապահովում է փաստացի միացումը կամ, անհամապատասխանությունների առկայության դեպքում, մերժում է այն՝ մերժման հիմքերը գրավոր տեղեկացնելով դիմող անձին։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 180 հեռախոսահամարով կամ այցելել Ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում