ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևին, որը կոչ է անում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ մարտական գործողություններ մղելու համար ամերիկյան զինված ուժերի օգտագործումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill-ը։
Այդ բանաձևը համատեղ բանաձև է, այսինքն՝ ընդունվում է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից, սակայն չունի օրենքի կարգավիճակ և չի պահանջում նախագահի ստորագրությունը։
Սենատը քվեարկել է 50 «կողմ» և 48 «դեմ» ձայներով։ Բացի դեմոկրատներից, նախաձեռնությունն աջակցողների թվում են հանրապետական չորս սենատորներ Ռենդ Փոլը, Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին և Բիլ Քեսիդին։ Դեմոկրատների կողմից դեմ է քվեարկել միայն Ջոն Ֆեթերմանը։
Անցյալ շաբաթ բանաձևը Սենատում մերժվել էր ձայների 48-47 հարաբերակցությամբ։
Այս ամսվա սկզբին Ներկայացուցիչների պալատը բանաձևն ընդունել էր 215 ձայնով, դեմ էր հանդես եկել 208 կոնգրեսական. չորս հանրապետական միացել էր դեմոկրատներին։ Ներկայացուցիչների պալատին միայն չորրորդ անգամ քվեարկելուց հետո էր հաջողվել ընդունել բանաձևը, որն ուղարկվել էր Սենատի քննարկմանը։
Վերջին ամիսներին ԱՄՆ-ում ակտիվորեն վեճեր են ընթանում այն մասին՝ արդյոք նախագահն իրավունք ունի առանց Կոնգրեսի հաստատման երկարատև ռազմական գործողություններ իրականացնել մեկ այլ պետության դեմ։ Թրամփի վարչակազմը կարծում է, որ այս դեպքում սահմանափակումներ չկան։ Մինչդեռ շատ կոնգրեսականներ կարծում են, որ նման դեպքերում «կանաչ լույս» է պահանջվում ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր իշխանության կողմից։