Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին

5 րոպեի ընթերցում

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը կմասնակցի Մարոկոյի Տանժեր քաղաքում անցկացվող «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» կազմակերպության համաշխարհային կոնգրեսին, որն այս տարի անցկացվում է «Համընդհանուր տեղական հանրային ծառայությունների նոր սերունդը» խորագրի ներքո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի համայնքների միությունը։

Հայկական պատվիրակության կազմում են Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

«Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա»-ն հանդիսանում է «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ» (UCLG) համաշխարհային կազմակերպության եվրասիական տարածաշրջանային մասնաճյուղը։ Համաշխարհային կազմակերպությունը միավորում է ավելի քան 240 հազար քաղաքներ, համայնքներ, մարզեր և մետրոպոլիաներ աշխարհի 140 երկրներից՝ ներկայացնելով մոլորակի բնակչության ավելի քան 70 տոկոսի շահերը։ Այն ճանաչված է ՄԱԿ-ի կողմից որպես տեղական և տարածաշրջանային իշխանությունների գլխավոր գործընկեր և կարևոր դեր է ունեցել Կայուն զարգացման նպատակների շրջանակում «Կայուն քաղաքներ և բնակավայրեր» նպատակի ձևավորման գործում։

Տանժերում կայանալիք համաշխարհային կոնգրեսը կհյուրընկալի ավելի քան 3000 տեղական և տարածաշրջանային առաջնորդների, քաղաքապետերի, նահանգապետերի, համայնքային խորհուրդների անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների գործընկերների։ Կոնգրեսի շրջանակում տեղի կունենան Գլխավոր ասամբլեայի, Համաշխարհային խորհրդի և Գործադիր բյուրոյի նիստերը, որոնց ընթացքում կընդունվեն միջազգային համայնքային շարժման առաջիկա տարիների զարգացման հիմնական որոշումները։

Միջոցառումը նաև հնարավորություն է ընձեռում տարածաշրջանային կառույցներին ներկայացնելու իրենց առաջնահերթությունները, տեղական ինքնակառավարման ոլորտի լավագույն փորձը և նորարարական լուծումները։ Մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու համայնքների առջև ծառացած արդի մարտահրավերները, ինչպես նաև ներկայացնելու հաջողված նախաձեռնություններն ու զարգացման մոդելները։

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանն իր ելույթում կանդրադառնա համայնքների առանցքային դերին պետության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման և կայուն առաջընթացի ապահովման գործում։ Նա կներկայացնի Հայաստանի համայնքների զարգացման փորձը, վերջին տարիների ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները՝ ընդգծելով, որ հզոր համայնքներն են հանդիսանում ուժեղ և մրցունակ պետության հիմքը։

«Հզոր համայնքը հզոր երկրի գրավականն է» գաղափարի շուրջ կառուցված ելույթում կներկայացվեն նաև տեղական ինքնակառավարման զարգացման, համայնքային կառավարման արդյունավետության բարձրացման, հանրային ծառայությունների բարելավման և քաղաքացիների կյանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։

Գարիկ Սարգսյանի ելույթը նվիրված կլինի Հայաստանի գործնական փորձին կլիմայական պլանավորման և հարմարվողականության ոլորտում։ Մասնավորապես, նա կներկայացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Կանաչ քաղաքներ» ծրագրի իրականացման արդյունքները, որի շրջանակում GCoM-ի (Global Covenant of Mayors) հետ համագործակցությամբ Հայաստանի մի շարք քաղաքներում մշակվել և ներդրվել են կլիմայական փոփոխություններին հարմարվողականության գործողությունների ծրագրեր։ Այս փորձը ցույց է տալիս միջազգային համագործակցության և տեղական լուծումների արդյունավետ համադրությունը՝ համայնքների կլիմայական դիմակայունության ամրապնդման գործում։

«Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» կազմակերպությունը ներկայացնում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Մոնղոլիայի տեղական ու տարածաշրջանային իշխանությունների շահերը՝ ընդգրկելով շուրջ 300 միլիոն բնակչություն ունեցող հսկայական աշխարհագրական տարածք։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Կազանում։

Հայերեն English

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ

Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը կոչ է արել արդիականացնել ՄԱԿ-ը և այն ավելի արդյունավետ դարձնել

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

Հունիսի 19-ի միջոցառումների անոնս

Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը

ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկել է մարզպետարանների ներկայացուցիչների հետ

Պուտինն արդյունավետ է գնահատել Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը