Ռուսաստան

G7-ի ղեկավարները խոստացել են նոր պատժամիջոցներ ՌԴ-ի դեմ և զենք` Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

G7-ի ղեկավարները խոստացել են նոր պատժամիջոցներ ՌԴ-ի դեմ և զենք` Ուկրաինային

Ֆրանսիական Էվիան-լե-Բեն քաղաքում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ պարտավորվելով մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և շարունակել աջակցությունն Ուկրաինային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Մենք պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա։ Այս համատեքստում մենք կուժեղացնենք մեր պատժամիջոցները, այդ թվում՝ նավթի և գազի ոլորտների վրա», - նշված է փաստաթղթում։

Ըստ հայտարարության՝ հիմա դրա համար «հարմար պահ» է, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության է հասել Իրանի հետ Հորմուզի նեղուցի բացման հարցում։

G7-ի առաջնորդները նաև ընդգծել են, որ միասնական են Ուկրաինային «անսասան աջակցություն ցուցաբերելու» հարցում, որը պաշտպանում է իր ազատությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

«Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունն Ուկրաինայի բնակչությանը, որը տառապում է կարևորագույն ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության վրա հարձակումներից։ Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի դիմացկունությունը և վերջին ամիսներին մարտադաշտում նրա առաջընթացը և ընդգծում ենք, որ այժմ այնտեղ նոր դինամիկա է դիտվում», - նշված է հայտարարության մեջ։

Մեծ յոթնյակի ղեկավարները շեշտել են, որ այս դինամիկային աջակցելու և այն արագացնելու համար համաձայն են «ավելացնել օդային պաշտպանության հզորությունների, լրացուցիչ համակարգերի և կալանող սարքերի, ինչպես նաև հեռահար հնարավորությունների մատակարարումը»։ Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել քննարկելու Ուկրաինային լիցենզիաների տրամադրման հարցը, որոնք թույլ կտան ավելացնել երկրի ռազմական արտադրությունը։

Բացի այդ, G7-ի երկրները խոստացել են լրացուցիչ աջակցություն տրամադրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին, որպեսզի երկիրը հաղթահարի հաջորդ ձմեռը։

Համատեղ հայտարարության մեջ առանձին կետերով անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքին և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում