Մշակույթի մեջ ներդրումը երկարաժամկետ արժեք է․ Հովակ Հովակիմյան

4 րոպեի ընթերցում

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը դարձավ ոչ միայն բարձրարվեստ երաժշտական երեկո, այլ նաև կարևոր հարթակ՝ ընդգծելու մշակույթի և ռազմավարական գործընկերության փոխկապակցվածությունը։

Երկրորդ տարին անընդմեջ մրցույթի ռազմավարական գործընկերն է Freedom Broker Armenia ընկերությունը, որը հետևողականորեն ներգրավված է մշակութային երկարաժամկետ զարգացման նախաձեռնություններում։

Գալա երեկոյի ընթացքում ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը ներկա էր միջոցառմանը և հանդիսավոր կերպով հանձնեց հատուկ մրցանակներից մեկը՝ ընդգծելով գործընկերության անմիջական և կենդանի բնույթը։

«Արմենպրես»-ը Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանի հետ զրուցել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի, ռազմավարական գործընկերության և մշակութային զարգացման մասին։ 

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

– Արդեն երկրորդ տարին Freedom Broker Armenia-ն մրցույթի ռազմավարական գործընկերն է։ Ինչպե՞ս եք գնահատում այս համագործակցությունը։

– Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի և ընդհանրապես «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի հետ մեր համագործակցությունը շատ ավելի լայն իմաստ ունի, քան պարզ գործընկերությունը։ Սա վստահության և ընդհանուր տեսլականի վրա հիմնված երկարաժամկետ գործընկերություն է։ Մենք տեսնում ենք, որ մրցույթը ոչ միայն բացառիկ երաժշտական իրադարձություն է Հայաստանում, այլ միջազգային հարթակ, որը ձևավորում է նոր սերնդի երաժիշտների ճանապարհը և ներկայացնում մեր երկիրն ամբողջ աշխարհում։

– Ինչո՞վ է Freedom Broker Armenia-ի համար կարևոր ներգրավված լինել մշակութային նման բարձր մակարդակի միջազգային նախագծում։

– Մենք համոզված ենք, որ մշակույթը հասարակության զարգացման հիմքերից մեկն է։ Երբ համագործակցում ենք նման մեծամասշտաբ մրցույթին, իրականում մենք ներդրում ենք կատարում միանգամից կրթության, ստեղծագործական մտածողության և միջազգային երկխոսության մեջ։ Հատուկ ցանկանում եմ կարևորել Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը, որը կյանքի է կոչվում համատեղ ուժերով և որը մեր երկրի հեղինակությունը բարձրացնելու լավագույն ուղղություններից է։

– Դուք անձամբ ներկա էիք գալա համերգին և հանձնեցիք հատուկ մրցանակներից մեկը։ Ի՞նչ նշանակություն ուներ այդ պահը Ձեզ համար։

– Դա շատ խորհրդանշական և ոգևորիչ պահ էր։ Երբ դու ոչ միայն ռազմավարական գործընկեր ես, այլ նաև անմիջականորեն կանգնած ես երիտասարդ երաժիշտների հաջողության կողքին, դա փոխում է համագործակցության ամբողջ ընկալումը։ Այդ պահին դու տեսնում ես աշխատանքի իրական արդյունքը՝ մարդկանց, ովքեր տարիների աշխատանքով հասնում են կատարողական այս մակարդակին։

– Ինչպե՞ս եք գնահատում մասնավոր հատվածի դերը մշակույթի զարգացման մեջ Հայաստանում և միջազգային հարթակում։

– Այդ դերը գնալով ավելի կարևոր է դառնում։ Պետական և մասնավոր հատվածի համագործակցությունը կարող է ստեղծել կայուն համակարգ, որը թույլ է տալիս երկարաժամկետ պլանավորում իրականացնել և ավելի մեծ ազդեցություն ունենալ։ Մասնավոր հատվածը բերում է ճկունություն, նոր մոտեցումներ և միջազգային փորձ, ինչը շատ կարևոր է այն նախագծերի համար, որոնք միջազգային ընդլայնման մեծ հնարավորություններ ունեն։

– Ինչպե՞ս եք տեսնում այս համագործակցության ապագան։

– Մենք սա դիտարկում ենք որպես երկարաժամկետ գործընկերություն։ Եթե խոսում ենք երաժշտարվեստի զարգացման մասին, ապա դա չի կարող լինել կարճաժամկետ գործընթաց. արդյունքները երևում են տարիների ընթացքում։ Մեր նպատակն է շարունակել զարգացնել այս համագործակցությունը և ավելի մեծ ազդեցություն ունենալ միջազգային մակարդակում մրցույթը և Խաչատրյանի անունը ներկայացնելու ճանապարհին։

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի