ԲՀԿ-ն կբողոքարկի 2 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ-ի որոշումը

5 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման տեքստը՝ երկու ընտրատեղամասերում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ հայտնելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բողոքարկելու է այդ որոշումը։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ին որոշել էր անվավեր ճանաչել թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ ԿԸՀ-ի որոշման հետևանքով, ըստ ընդդիմադիր քաղաքական ուժերի գնահատականների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը շատ մոտ էր խորհրդարան մտնելու անցողիկ շեմը՝ 4 տոկոսը հաղթահարելուն, ինչը կարող էր լուծվել 8 տասնյակից ավելի ընտրական տեղամասերում ընթացող վերահաշվարկի արդյունքում, զրկվում է խորհրդարան անցնելու հնարավորությունից, քանի որ այդ երկու տեղամասերում ԲՀԿ-ի օգտին գրանցվել էր 213 ձայն։ Իսկ ԿԸՀ-ն հենց այդ տեղամասերում արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը քննարկել էր «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դիմումի հիման վրա։ Դանիել Իոաննիսյանն իր հերթին նման դիմում էր ներկայացրել, հաշվի առնելով ընդդիմադիր քաղաքական ուժերի բողոքները, թե «այդ տեղամասերում քվեարկության ժամի ավարտից հետո կազմակերպվել են զինծառայողների ուղղորդված քվեարկություններ»։ 

Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը կայացրել է ակնհայտ խախտումների փաստերի վրա հենվելով: Փաստաբանը, սակայն, նաև կարծիք է հայտնել, որ դա տեղի է ունեցել միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ 8 տասնյակից ավելի տեղամասերում զուգահեռ ընթացող վերահաշվարկի արդյունքներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցնում է խորհրդարան։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտումն արձանագրում է, և դրա արդյունքում երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում»,- ասել է Օրբելյանը։

Իրավական խորհրդատուն նշել է, որ այս պահին աշխատում են ԿԸՀ-ի որոշումը բողոքարկելու վրա։ Նրա խոսքով՝ որոշումը կամ պետք է բեկանվի, կամ երկու տեղամասերում պետք է նշանակվի վերաքվեարկություն, կամ ամբողջ հանրապետության տարածքում նշանակվի վերաքվեարկություն։

Օրբելյանը չի բացառել, որ ԲՀԿ-ն նաև Սահմանադրական դատարանում կվիճարկի ընտրությունների արդյունքները՝ հավելելով, որ դա կախված կլինի նաև նրանից, թե ԿԸՀ-ն վերջնական ինչ որոշում կկայացնի։

Ընտրություններին անցողիկ շեմն ապահոված մյուս ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքն ու «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ հայտնել են ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու մտադրության մասին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ իր հերթին հայտնել է, որ հունիսի 14-ին կամփոփվեն ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և կընդունվի հետևյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.

3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:

Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։

Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով՝ ԲՀԿ-ն ստացել էր 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում էր 0,004 տոկոսային կետ։ Քաղաքական ուժը դիմել էր վերահաշվարկի, որի արդյունքում արդեն վերականգնել էր մոտ 130 ձայն, սակայն երկու տեղամասում ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելու մասին ԿԸՀ որոշումից հետո կորցրեց 213 քվե և խորհրդարան անցնել չի կարող:

Հայերեն