Իրանը հերքել է Թրամփի պնդումները, որ շուտով համաձայնագիր կկնքվի
2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության վերաբերյալ տեղեկությունները ենթադրություններ են, և որ «ոչինչ չի վերջնականացվել»՝ չնայած ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնությունը մոտ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Բաղային նաև ասել է, որ փոխըմբռնման հուշագրի տեքստի մեծ մասն արդեն «վերջնականացված է», սակայն ԱՄՆ-ն «չափազանց շատ պահանջներ» է ներկայացրել և ավելացրել «նոր խնդրանքներ»։ Նա շեշտել է, որ երկիրը չի «շեղվի իր կարմիր գծերից»։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել էր, որ կա համաձայնություն, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»։ Նա նշել էր, որ «հավանաբար, կլինի ստորագրում, գուցե՝ Եվրոպայում», երբ փաստաթղթերը վերջնականապես հաստատվեն, և դա պետք է արվի «բավականին արագ»։ Թրամփի խոսքով՝ փաստաթղթերը «բավականին վերջնական վիճակում են, այնպես որ, կտեսնենք»։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի, հենց համաձայնագիրը ստորագրվի։
ԱՄՆ առաջնորդը հայտնել է նաև, որ խոսել է տարածաշրջանի առաջնորդների, այդ թվում՝ Պարսից ծոցի դաշնակիցների և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հավելելով. «Ամբողջ Մերձավոր Արևելքը շատ ուրախ է»։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հաստատել է զրույցի տեղի ունենալու փաստը և նշել, որ Իսրայելը «փոխըմբռնման հուշագրի կողմ չէ»։
Հունիսի 11-ին Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է երեկոյան Իրանին հարվածներ հասցնելու ծրագրերը՝ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ քննարկումները։
Վերջին երկու օրվա ընթացքում կողմերը միմյանց նոր հարվածներ էին հասցրել։