Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
2 րոպեի ընթերցում

Իրանի հարավային Հորմոզգանի նահանգը խմելու ջրի պակասի է բախվել ջրամատակարարման և կոյուղու համակարգին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։
«Թշնամի ամերիկացիների գրոհների պատճառով ավերվել են խմելու ջրի բաշխման ենթակառուցվածքային օբյեկտները, այդ թվում՝ երկու բետոնե ջրամբար՝ 500 և 2000 խորանարդ մետր տարողությամբ՝ համապատասխան մեխանիկական սարքավորմամբ», - գործակալությունը մեջբերում է նահանգի ջրամատակարարման և կոյուղու հարցերով զբաղվող ընկերության գլխավոր տնօրենի խոսքերը։
Ջրամատակարարման հետ կապված խափանումներ են գրանցվել 20 000 բնակչություն ունեցող Բամանիի շրջանում։ Գործակալության տվյալներով՝ վնասը գնահատվում է մոտավորապես 1 միլիոն դոլար։
«Այս շրջանների բնակիչների ջրամատակարարումը ներկայում դադարեցվել է, քննարկվում են ջրամատակարարման այլընտրանքային միջոցները», - հաղորդել է գործակալությունը։
Ավելի վաղ IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն հարվածել է Հորմոզգանի երկու ջրամբարի։ Ամերիկացի զինվորականները նաև գրոհել են Քեշմ կղզում գտնվող օբյեկտի, ինչպես նաև Ջասկ և Կուհ Մոբարաք քաղաքներում գտնվող օբյեկտների վրա՝ ի պատասխան ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներում ամերիկյան օբյեկտներին։