Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ
3 րոպեի ընթերցում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ սոցիալական ցանցերում մեծ ազդեցություն ունեցող բլոգերների և այլ անձանց գործունեության կարգավորման հարցն այսօր միջազգային փորձագիտական շրջանակներում ամենահաճախ քննարկվող թեմաներից է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք միջազգային փորձը նախատեսում է մեխանիզմներ, որոնք կպարտավորեցնեն հանրային մեծ ազդեցություն ունեցող բլոգերներին ավելի զսպված լինել իրենց խոսքում, հատկապես տարբեր խմբերի նկատմամբ թիրախավորման կամ ատելության խոսքի դրսևորումների դեպքում։
Պատասխանելով հարցին՝ Մանասյանը նշել է, որ ավանդական լրատվամիջոցների համար նախատեսված կանոնները հաճախ չեն տարածվում սոցիալական հարթակներում գործունեություն ծավալող ազդեցիկ անձանց վրա։
«Շատ տարիներ է, որ քննարկվում է այն հարցը, որ հայտնվել են զանգվածային լրատվության միջոցներից շատ դեպքերում ավելի ազդեցիկ դերակատարներ, որոնք իրենց սոցիալական հարթակների միջոցով տարածում են տեղեկատվություն և մի շարք դեպքերում կարող են ունենալ ոչ միայն ավելի շատ հետևորդ, քան որևէ զանգվածային լրատվության միջոց, այլև ավելի մեծ ազդեցություն»,- ասել է Պաշտպանը։
Նրա խոսքով՝ նման անձինք երբեմն կարող են ավելի մեծ վստահություն վայելել, քան պետական մարմինները կամ ավանդական լրատվամիջոցները։
Մանասյանը նշել է, որ միջազգային մակարդակով քննարկվում են ոլորտի օրենսդրության և չափանիշների զարգացման տարբեր տարբերակներ, սակայն ներկայումս լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ստանդարտները չեն տարածվում այս կատեգորիայի անձանց վրա։
Միաժամանակ նա ընդգծել է, որ բլոգերների և սոցիալական ցանցերի օգտատերերի նկատմամբ շարունակում են գործել վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ իրավական կարգավորումները։
«Նրանց նկատմամբ տարածվում են սովորական վիրավորանքի և զրպարտության հետ կապված հնարավոր կարգավորումները»,- նշել է նա։
Պաշտպանի խոսքով՝ որոշ դեպքերում խոսքի բովանդակությունը կարող է հատել նաև քրեական պատասխանատվության շեմը։
«Հնարավոր է, որ խոսքն այնքան հանրորեն վտանգավոր լինի, որ նաև քրեական պատասխանատվության ենթակա լինի»,- ասել է Մանասյանը։
Նա հավելել է, որ առանձին սոցիալական հարթակներ արդեն ունեն սեփական էթիկական և բովանդակության վերահսկման քաղաքականությունները։
«Օրինակ՝ ֆեյսբուքը շատ դեպքերում համապատասխան դիմումներ ներկայացնելու դեպքում հեռացնում է ամբողջական հրապարակումները»,- նշել է նա։
Մանասյանի խոսքով՝ ներկայումս քննարկվում են նաև վարչական պատասխանատվության և սոցիալական հարթակների կողմից կիրառվող էթիկական ստանդարտների զարգացման հնարավորությունները։