Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի Իրանի նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին և կհասնի վերջնական համաձայնագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմին աջակցող հեռուստատեսային հանրահավաքի ժամանակ։
«Մենք այժմ բանակցություններ ենք վարում, և նրանք (խմբ․՝ իրանցիները) ցանկանում են շատ լավ համաձայնագիր կնքել։ Կարծում եմ՝ մենք հաղթում ենք այս պայքարում։ Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում, երբ մենք հայտարարենք լիակատար հաղթանակի մասին, դա կլինի լիակատար հաղթանակ, և դա տեղի կունենա շատ շուտով, և նավթի գները կնվազեն», - ասել է Թրամփը։
Նախագահը կրկին հայտարարել է, որ Թեհրանը կհրաժարվի իր միջուկային զենքից՝ Վաշինգտոնի հետ համաձայնագրի արդյունքում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքից մեկնելիս լրագրողներին հայտնել էր, որ շատ մոտ են Իրանի հետ համաձայնագրի կնքմանը։
«Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք շատ լավ, ուժեղ, հզոր համաձայնագրի կնքմանը», - նրա խոսքերն է մեջբերում Al Jazeera-ն։
«Եթե մենք գնանք և ռմբակոծենք, ինչը կարող ենք շատ հեշտությամբ անել, եթե ցանկանանք, և ևս երկու կամ երեք շաբաթ անցկացնենք ռմբակոծելով, նրանք ոչինչ չեն ունենա, բայց նեղուցը ամիսներով բաց չի լինի», - հավելել է Թրամփը։
Նա նաև շեշտել է, որ ռմբակոծելու դեպքում բազմաթիվ զոհեր կլինեն։
«Եթե մենք ռմբակոծենք, գիտեք, որ շատ մարդիկ են սպանվելու։ Ո՞վ է ուզում դա անել։ Ես՝ ոչ, և մենք կունենանք ստորագրված փաստաթուղթ, որն իրականում ավելի ուժեղ է, քան ռմբակոծությունը», - նշել է Թրամփը։
Նա հավելել է, որ շրջափակումը շատ ավելի հզոր է, քան ռմբակոծությունը, և Իրանի տնտեսությունը տուժել է դրա հետևանքով, և «նրանք պատրաստվում են համաձայնագիր կնքել»։
Նախորդ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն լիակատար շրջափակման մեջ պահել իրանական նավահանգիստները, մինչև Վաշինգտոնը և Թեհրանը վերջնական համաձայնության չգան ճգնաժամը լուծելու հարցում։