ԵՄ-ի կողմից հայկական գյուղմթերքի համար շուկայի բացումը քաղաքական որոշման արդյունք է․ Միրզոյան

4 րոպեի ընթերցում

Եվրամիության կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար շուկայի բացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները քաղաքական որոշման արդյունք են և արտացոլում են Հայաստանին եվրոպական գործընկերների աջակցությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ արդյոք Եվրամիության շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի մուտքի հնարավորությունը քաղաքական որոշման արդյունք է։

«Այո, իհարկե, քաղաքական որոշում է»,-ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Եվրամիության և անդամ պետությունների կողմից առկա է Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու հստակ պատրաստակամություն։

«Մենք տեսնում ենք Եվրոպական միության մեր գործընկերների կողմից ամենաբարձր մակարդակով պատրաստակամություն՝ աջակցել Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական դիմակայունությանը, ժողովրդավարական՝ ապահովելու տնտեսական բազմազանությունը, դիվերսիֆիկացիան, որի մասին շարունակաբար խոսում ենք»,- ասել է նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ արդեն իսկ առկա են կոնկրետ արդյունքներ, և հայկական որոշ գյուղատնտեսական ապրանքներ սկսել են մուտք գործել եվրոպական շուկա։

«Մենք ունեցանք քաղաքական պայմանավորվածություն, մենք ունեցանք քաղաքական հավաստումներ։ Մենք ունեցանք որոշ տեսակի գյուղատնտեսական ապրանքների առաքումներ և սպառում եվրոպական շուկայում։ Օրինակ՝ ծաղիկները լավագույն օրինակն են՝ Լատվիայում, այլուր ևս»,- նշել է նա։

Նախարարն առանձնահատուկ կարևորել է Նիդեռլանդների հայտարարությունը հայկական ծաղիկների համար շուկան բացելու պատրաստակամության վերաբերյալ։

«Նիդեռլանդները, որը ծաղիկների առումով բավականին լուրջ ավանդույթ ունեցող պետություն է, երեկ հայտարարեց, որ պատրաստ է բացել իրենց շուկան Հայաստանում աճեցված ծաղիկների համար։ Սա շատ էական քայլ է»,- ասել է Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև արդեն գոյություն ունի քաղաքական համաձայնություն, իսկ այժմ կողմերն անցնում են տեխնիկական մանրամասների մշակման փուլին։

«Ընդհանուր քաղաքական ըմբռնում կա, Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդհանուր քաղաքական պայմանավորվածություն և համաձայնություն կա։ Մենք մտնում ենք տեխնիկական ձևակերպումների փուլ, թե կոնկրետ որ ապրանքի մասով Եվրամիությունը ինչպիսի ընդառաջ քայլ է անում»,- նշել է նա։

Միրզոյանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում այդ պայմանավորվածությունները կստանան գործնական արտահայտություն տարբեր ապրանքատեսակների համար։

«Քաղաքական համաձայնությունը և ճանապարհը կա»,- ընդգծել է նախարարը։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն էր հայտնել Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին։ Ռուսաստանը հայտարարել էր հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի, ծաղիկների ներմուծումն արգելելու մասին, իսկ պտուղ-բանջարեղենի և մրգերի ներմուծման նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվել։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ տեղեկացնելով, որ ԵՄ-ն պատրաստում է Հայաստանին աջակցության լրացուցիչ փաթեթ, որը ներառում է 50 միլիոն եվրոյի հրատապ աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։

Հայերեն English Русский

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս

ԲՀԿ-ն ԿԸՀ է դիմել իր ստացած քվեների հետ կապված անճշտությունների հարցով

Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Վահագն Խաչատուրյան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 08/06/26

Ասիական ինդեքսներ - 08/06/26

Թուրքիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրում. Հաքան Ֆիդան