Ուջանը կունենա հիմնանորոգված ճանապարհ
1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմնանորոգվող ճանապարհը տեղական նշանակության է. սկսվում է Մ-1 -ից, անցնում է Ուջան գյուղով և կրկին հասնում Մ-1 միջպետական ճանապարհ։

Կապալառու կազմակերպությունն իրականացնում է առկա ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։ Նախագծի շրջանակում կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կկառուցվեն մայթեր, կողնակներ, կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, կտեղադրվեն ջրահեռացման վաքեր, բազրիքներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նախագծով նախատեսված այլ աշխատանքներ նույնպես։

Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։