Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի պատասխանը խաղաղության իր առաջարկին. ԱԳՆ խոսնակ
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներն ու Իրանը Պակիստանի միջոցով հաղորդագրություններ են փոխանակել առաջարկվող հրադադարի փաստաթղթի վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Jazeera-ից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանի 14 կետերի սկզբնական տեքստի հիման վրա մի քանի անգամ հաղորդագրությունների փոխանակում է իրականացվել։ Մենք ստացել ենք ամերիկյան կողմի տեսակետը և ուսումնասիրում ենք այն», - ասել է Բաղային։
Բաղային այս հայտարարությունն արել է Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվիի՝ Իրան կատարած այցի ընթացքում։
Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին մայիսի 20-ին այցելել է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։
Պակիստանը հանդես է գալիս որպես հակամարտության միջնորդ և ապրիլի 11-12-ին հյուրընկալել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների առաջին փուլը, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։