Անսեթևեթ և ազնիվ ստեղծագործողը. Հայաստանի գրողների միությունը տոնեց բանաստեղծ, արձակագիր Նվարդ Ավագյանի 85-ամյակը
7 րոպեի ընթերցում

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող, թարգմանիչ Նվարդ Ավագյանին գրչակից ընկերները անսեթևեթ, ազնիվ և քաջ հեղինակ են համարում։ Գրող, որի ստեղծագործություններում գերիշխում են հայրենասիրական ոգին ու նվիրումը։
Նվարդ Ավագյանը, որը տասնյակ գրքերի հեղինակ է, այս տարի տոնում է 85-ամյակը։
Հոբելյանի առթիվ մայիսի 19-ին Հայաստանի գրողների միությունում նրան նվիրված գեղեցիկ միջոցառում անցկացվեց։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ Ավագյանին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի գրական կյանքից։ «Նա բազմաշնորհ մարդ է, որն իր կյանքի ընթացքում տարբեր բնագավառներում է աշխատել և կարևոր հետք է թողել։ Բազմաթիվ հոդվածներ, գրքեր՝ արձակ, պոեզիա։ Նրա գիրը, որը զուսպ է, բայց ներքին կրակներով հագեցած, մշտապես արդիական է։ Նվարդ Ավագյանն ուժեղ կին է, ուժեղ մտածող է։ Նա նաև Հայաստանում է շարունակում իր ստեղծագործական կյանքը»,-ասաց Միլիտոնյանն ու Հայաստանի գրողների միության մեդալ հանձնեց նրան։
Միլիտոնյանը նաև մի հատված ընթերցեց միության՝ գրողին նվիրված ուղերձից, որի հեղինակը միության քարտուղար Նորեկ Գասպարյանն է։

Ուղերձում նշվում էր, որ Ավագյանի անցած ճանապարհը երկար է, քարքարոտ ու անհարթ։ «Նվիրում ու քաջություն է պահանջվել այն անցնելու համար։ Միայն ինքդ քեզ հետ ես ապրել այդ ճանապարհը, բայց բոլորին ես մղել ընթերցելու։ Գիրն էլ ծննդավայր Սղնախի մարդկանց նման պարզ ու համարձակ, անսեթևեթ ու ազնիվ է. բանաստեղծություն, պատմվածք, հրապարակախոսություն։ Այդպես նաև լրագրողական տքնանք, խմբագրի սրատեսություն ու կառուցող բծախնդրություն»,-ասվում է տեքստում։
Լրագրող Սիրվարդ Մարգարյանը մի քանի տարի «Ազատ Արցախ» թերթում աշխատել է Նվարդ Ավագյանի հետ։ Սիրով է հիշում նրա հետ համագործակցությունն ու ընդգծում, որ Ավագյանը պահանջկոտ է եղել, խիստ և օրինակելի։ «Նրա գրիչը կուռ էր, բառերն ադամանդակուռ էին։ Դա էլ պահանջում էր մեզնից։ Նա իր դպրոցը ստեղծեց»,-ասաց Մարգարյանը։

Նա բարձր է գնահատում նաև Ավագյանի գրականությունը։ «Իր առաջին գրքերը Նվարդ Ավագյանը ստորագրել է Արամանույշ անունով, հետո եկավ Նվարդ Ավագյանը՝ հասուն ձայնով, հասուն կեցվածքով։ Նա բանաստեղծությունների հրաշալի ժողովածուներ ունի։ Հատկապես տպավորված էի «Թալիո» գրքով, որը կարդացել եմ, երբ ծառայում էի։ Դա ուժեղ կնոջ պատմություն է։ Ավագյանն իր տարիների վաստակն ամփոփեց մի գրքում, որը, եթե չեմ սխալվում, կոչվում է «Իմ սերնդի, իմ ճակատագրի, իմ մասին»։ Նրա անցած ամբողջ ճանապարհն է գրքում՝ հուշերի տեսքով։ Դա փաստագրական հրաշալի գիրք է։ Չեմ սիրում, երբ կանանց տղամարդ-կին են անվանում, բայց տիկին Ավագյանի պարագայում կարող ենք այդպես ասել, քանի որ նա տղամարդու պես պինդ, ամուր է։ Խմբագրությունում նրան «մեծ տիկին» էի անվանում»,-նշեց Մագարյանն ու հավելեց՝ հայրենասիրությունն Ավագյանի ստեղծագործություններում անցնում է կարմի թելի պես։
Նվարդ Ավագյանը, որը միջոցառմանն էր եկել իր հարազատների հետ, ուշադրությամբ էր լսում բոլորի խոսքերը։ Երբ Նորեկ Գասպարյանը նրան հարցրեց՝ արդյոք դժվա՞ր է եղել համատեղել լրագրողի և գրողի աշխատանքը, Ավագյանը պատասխանեց. «Սարի գլխին էլ լինես, մենակ կամ բազմության մեջ, կստեղծագործես, բայց կին լրագրողին շատ բան է խանգարում, այդ պատճառով էլ կին Շեքսպիրներ չկան։ Կին լրագրողի համար դժվար է համատեղել և՛ աշխատանքը, և՛ ստեղծագործելը, և՛ ընտանիքը, և՛ շատ այլ բաներ»։

Խոսելով այն մասին, որ իր առաջին գրքերը ստորագրել է Արամանույշ անունով՝ Ավագյանը խոստովանեց, որ այդպես է վարվել ոչ այն պատճառով, որ այն ժամանակ տարածված է եղել մականուններով հանդես գալը, պարզապես ինքը հոր միակ զավակն է՝ 20 տարի ուշացումով ծնված։ «Երբ իմ առաջին գիրքը լույս տեսավ, պարտքս համարեցի այնպես անել, որ հորս անունը հիշվի այդ գրքով։ Մնացած 12 գիրքն իմ անունով եմ ստորագրել»,-նշեց հեղինակը։
Հոբելյարը նաև ասաց, որ իրեն մշտապես ոգեշնչել է Վահան Տերյանի գրականությունը։ «Երբեմն մտածում եմ՝ արժե՞ որևէ մեկին առանձնացնել, որովհետև մեր մեծերը քիչ չեն։ Ես շատ մոտ եմ նաև ռուս գրականությանը, որի մեծերը ևս շատ են, բայց նախապատվություն տալը բարդ է։ Չգիտեմ, թե ինչն է ինձ ստիպել մտնել գրականություն։ Չեմ կարող ասել, որ այս կամ այն գրողներին կարդացել եմ ու որոշել եմ գրել։ Դա, իհարկե, նշանակություն ունի, բայց, հավանաբար, Աստծո ձեռքն է։ Շատ լավ է, որ այդպես է։ Այս կամ այն գրողին պաշտելով՝ կարող ես ընկնել նրա ազդեցության տակ ու սխալ ճանապարհով գնալ։ Գրել եմ այնպես, ինչպես ստացվել է, ինչպես զգացել եմ»,-շեշտեց հոբելյարը։
Միջոցառման ընթացքում Հայաստանի գրողների միությունը 2025 թվականին ՀԳՄ գրական հանդիպումները հանրահռչակելու համար շնորհակալագրեր հանձնեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության թղթակից Անժելա Համբարձումյանին, Հայկական երկրորդ հեռուստաալիքի թղթակից Նաիրա Փայտյանին, «Պանորամա» լրատվական կայքի թղթակից Տաթևիկ Մանուկյան և լուսանկարիչ Լիլիան Գալստյանին։

Նվարդ Ավագյանը ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Սղնախ գյուղում: Ավարտել է տեղի յոթնամյա, Ավետարանոցի միջնակարգ դպրոցները, Բաքվի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը: Ըստ ստացած մասնագիտության չորս տարի ուսուցչավարելուց հետո հետագա գործունեությունը նվիրել է լրագրությանը: 1967-ից աշխատել է Լեռնային Ղարաբաղի մայր թերթում և ղեկավարել է արվեստի ու գրականության, լրատվության, կրթության, նամակների բաժինները: Ղարաբաղյան պատերազմի ու հետպատերազմյա առաջին տարիներին եղել է թերթի պատասխանատու քարտուղարը, հետագա տասը տարում` գլխավոր խմբագրի առաջին տեղակալը: 2005-2008 թվականներին եղել է տեղի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականը: Խմբագրել է Լեռնային Ղարաբաղի ԱՆ «Առողջապահության մունետիկ» ամսաթերթը: Եղել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից: Հրատարակվել են նրա «Լեռնային վտակ» (1967թ.), «Կորած մեղեդի» (1969թ.), «Երկրորդ շնչառություն» (1978թ.), «Դեմքով դեպի կրակը» (1988թ.), «Հասուն իմ հասկ» (1990թ.), «Մատյան հառներգության» (1997թ.), «Ծանր լույս» (2004թ.), «Թալիո» (2006թ.), «Սահմանային գոտի» (2006թ.) գրքերը: