Հայաստան

Հակակոռուպցիոն կոմիտեն Թալինի համայնքապետի կողմից սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնել

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն Թալինի համայնքապետի կողմից սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնել

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարի լիազորությունները չեն դադարում այն պատճառով, որ նա ընդգրկված է Ազգային ժողովի ընտրությունների թեկնածուների ցուցակում։

«Քննարկվող դեպքում Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը»,- նշել է Օհանջանյանը։

Նրա պարզաբանմամբ՝ Տավրոս Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու որոշումները կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորության թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար։

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ որոշումների հիմքում եղել են քաղաքացիների դիմումները, ինչպես նաև համապատասխան հանձնաժողովների դրական եզրակացությունները։

«Որոշումները կայացնելու հիմքում դրվել են ոչ թե անձնական դրդապատճառները կամ կուսակցական շահերը, այլ օրենքով սահմանված ընթացակարգերը»,- նշված է հայտարարության մեջ։

Կոմիտեն նաև նշել է, որ հաղորդման նյութերում և ԶԼՄ հրապարակումներում առկա չեն տվյալներ, ըստ որոնց սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ ուղղված է եղել ընտրողների կամարտահայտության վրա ազդելուն։

«Առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ պայմանավորված է եղել ընտրողների կամքի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու հանգամանքով կամ կատարվել է հանրությունից գաղտնի, քողարկված եղանակներով»,- ընդգծել է Օհանջանյանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում