Նախընտրական քարոզչությանն ընդառաջ՝ ԿԸՀ նախագահը պարզաբանումներ ներկայացրեց գործընթացի վերաբերյալ
7 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավին ընդառաջ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց գործընթացի կարգավորումներն ու անդրադարձավ լրագրողներին հետաքրքրող հարցերի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 7-ին հրավիրված ասուլիսին Վահագն Հովակիմյանը լրագրողներին ներկայացրեց ԿԸՀ-ի կողմից պատրաստված տեսանյութ, որում ամփոփվել են նախընտրական քարոզչության կարգավորումները՝ սահմանված «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։
Հովակիմյանի դիտարկմամբ՝ տեսահոլովակը քաղաքացիներին, լրագրողներին ու դիտորդներին հնարավորություն է ընձեռում ծանոթ լինել մայիսի 8-ից մեկնարկող նախընտրական քարոզչության կարգավորումներին, ըստ այդմ՝ գնահատելով խախտումների առկայությունը կամ դրանց բացակայությունը։
Ինչպես ներկայացվեց տեսանյութում, նախընտրական քարոզչությունն արգելվում է քվեարկության և դրան նախորդող օրը՝ հրապարակային ելույթներով, միջոցառումներով, ԶԼՄ-ներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով, վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական ծառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում։ Այս արգելքը, սակայն, չի տարածվում գովազդային վահանակների վրա տեղադրված քարոզչական պաստառների վրա։
ԶԼՄ-ներով քարոզչության դեպքում պետք է իրականացվի ոչ կողմնակալ, ոչ խտրական լուսաբանում ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների, դաշինքների նկատմամբ, իսկ նախընտրական քարոզչության հետ չկապված հրապարակումները պետք է լինեն չեզոք։ Նախընտրական քարոզչություն չիրականացնելը հիմք չի հանդիսանում տվյալ կուսակցության, դաշինքի վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելու համար։ Հանրային պաշտոն զբաղեցնող թեկնածուների լուսաբանման դեպքում՝ նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող թեկնածուների լիազորությունների իրականացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները չեն դիտարկվում որպես քարոզչություն, որոնք սակայն չպետք է պարունակեն քարոզչական բնույթի մեկնաբանություններ կամ ներկայացնեն տվյալ պաշտոնատար անձի՝ որպես թեկնածուի գործունեությունը ներկայացնող տեսաձայնային հոլովակներ, ֆիլմեր, նկարներ, որոնք կարող են ասոցացվել նախընտրական քարոզչության հետ։
Տեսանյութում անդրադարձ է կատարվել նաև վարչական ռեսուրսին, ըստ որի այդպիսին են համարվում մարդկային ֆինանսական, նյութական,այն միջոցները, որոնք տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, պայմանավորված՝ հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ։ Վարչական ռեսուրսների թվում են դասակարգվում պաշտոնական դիրքը և ազդեցությունը,ենթակաների նկատմամբ իշխանությունը, պետական-տեղական բյուջեն, գույքը, մեքենաները, պետական-համայնքային շենքերը, ծառայողական ժամանակը, պաշտոնական տեղեկատվությունը։ Վարչական ռեսուրսի չարաշահում կհամարվի, եթե այն օգտագործվում է որևէ կուսակցության, թեկնածուի օգտին, ընտրողների վրա ազդելու համար, ընտրական մրցակցությունը խաթարելու նպատակով։
Ասուլիսին, ի թիվս այլ հարցերի, ԿԸՀ նախագահն անդրադարձավ նաև տեսալսողական մեդիայում և համացանցային տիրույթում քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդների կարգավորումներին։
Նախընտրական քարոզչությանը չեն կարող ներգրավվել ընտրական հանձնաժողովների անդամները, հանրային ծառայության մեջ գտնվողները, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներն իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Նախընտրական քարոզչությանը կավարտվի հունիսի 5-ին ժամը 24։00-ին։
Պատասխանելով քարոզարշավի ընթացքում պաշտոնյաների կողմից, մասնավորապես, սոցիալական ցանցերում գերատեսչական հարթակների օգտագործման հարցին՝ Հովակիմյանը պարզաբանեց, որ պետք է հստակ տարբերակել, թե օրինակ՝ «Ֆեյսբուք»-ի այս կամ այն էջն անձնակա՞ն է, թե գտնվում է համապատասխան կառույցի տիրապետման ներքո։
ԿԸՀ նախագահն ասուլիսի ընթացքում ներկայացրեց նաև ընտրություններին արտասահմանում բնակվող քաղաքացիների մասնակցելու հնարավորությունները, պարզաբանելով, որ նրանք կարող են էլեկտրոնային եղանակով դիմել ու գրանցվել ՀՀ-ում որևէ ընտրատեղամասում՝ պարտադիր ներկայանալով քվեարկության։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, ինչպես նաև երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամներն արտերկրում էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն։
Բացի այս անձանց շրջանակից, այլ էլեկտրոնային քվեարկություն չի իրականացվում։
ԿԸՀ-ն մայիսի 6-ի արտահերթ նիստում, Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարները փոխանցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։
Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկում է մայիսի 29-ի ժամը 08:00-ից մինչ մայիսի 31-ի ժամը 20:00-ն։
էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը ԿԸՀ ներկայացվում է մինչև հունիսի 1-ի ժամը 12:00-ն։
ԿԸՀ կայքում նաև հրապարակվել են հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար մատչելի և մասամբ մատչելի տեղամասային կենտրոնների ցանկը։
Ըստ Հովակիմյանի՝ նման խնդիրներ ունեցող քաղաքացիները կարող են ցանկության դեպքում հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։