Միացյալ Նահանգներ

Չինաստանը դեմ է Կուբայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցային ճնշման ուժեղացմանը

2 րոպեի ընթերցում

Չինաստանը դեմ է Կուբայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցային ճնշման ուժեղացմանը

Չինաստանի իշխանությունները հանդես են գալիս Կուբայի աջակցությամբ և այդ երկրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների խստացումը համարում են միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Միացյալ Նահանգները սաստկացնում է անօրինական միակողմանի պատժամիջոցները Կուբայի դեմ՝ լրջորեն խախտելով կուբացի ժողովրդի կյանքի և զարգացման իրավունքները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը», - հայտնել է գերատեսչությունը։

Այս մեկնաբանությունը տրվել է՝ կապված մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրամանագրի ստորագրման հետ, որով ընդլայնվում են Կուբայի դեմ սահմանափակումները՝ դա պատճառաբանելով Կուբայի կողմից ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը հնարավոր սպառնալիքով։

Ինչպես պարզաբանվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, Պեկինը «վճռականորեն աջակցում է Կուբային պետական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության գործում», կտրականապես դեմ է միջամտությանը նրա ներքին գործերին։

«Չինական կողմը պնդում է, որ ԱՄՆ-ն անհապաղ դադարեցնի Կուբայի շրջափակումը և նրա դեմ պատժամիջոցները և դադարեցնի նրա նկատմամբ հարկադրական միջոցներն ու ճնշումը», - ընդգծվում է մեկնաբանության մեջ։

Մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրով նախատեսված սահմանափակումները ոչ միայն կարող են տարածվել Կուբայի վրա, այլև երրորդ երկրների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում