Եվրոպան տաքանում է մոլորակի մնացած հատվածներից ավելի արագ. գիտնականներ
3 րոպեի ընթերցում

Եվրոպան արագորեն տաքանում է, հատկապես ամենացուրտ շրջաններում: Եվրոպացի գիտնականները զգուշացրել են, որ Արկտիկայում և Ալպերում մոլորակի կլիմայական վահանը՝ սառցե շերտը, որն արտացոլում է արևի լույսը և դանդաղեցնում գլոբալ տաքացումը, հալվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Եղանակի միջնաժամկետ կանխատեսման եվրոպական կենտրոնի (ECMWF) տարեկան զեկույցը կլիմայի փոփոխության վերաբերյալ։
«Եվրոպան ավելի արագ է տաքանում, քան մյուս մայրցամաքները։ Գրեթե ամենուրեք տարեկան միջին ջերմաստիճանը գերազանցել է միջին արժեքները, և այս տաքացման լուրջ հետևանքներն արդեն ակնհայտ են դառնում», - ասել է ECMWF-ի տնօրեն Ֆլորիան Պապենբերգերը:
Զեկույցի համաձայն՝ նախորդ ձմռանը մայրցամաքի 90%-ում սովորականից ավելի քիչ են գրանցվել ուժգին ցրտահարություններ։
«Փաստերն իրենք են խոսում իրենց մասին. կլիմայի փոփոխությունը սպառնալիք չէ, այն իրականություն է», - նշել է ECMWF-ի համանախագահ Սամանտա Բըրջեսը։
Զեկույցում նաև նշվում է, որ Եվրոպայի 95%-ում 2025 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը միջինից բարձր էր։
Տաքացումը շարժվում է դեպի Հյուսիսային բևեռային շրջան, և ջերմային անոմալիաներ արդեն նկատվում են Նորվեգական ծովում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի այն հատվածում, որը սահմանակից է Իսլանդիային և Նորվեգիային։
Միջինից բարձր ջերմաստիճանը և միջինից ցածր տեղումները 2025 թվականին Եվրոպայում հանգեցրել են ձյան և սառույցի զգալի կորստի:
Գիտնականների հիմնական մտահոգությունը սառույցի հալումն է, քանի որ այն արտացոլում է արևի լույսը, մինչդեռ օվկիանոսի մուգ ջրերը կլանում են այն՝ արագացնելով մոլորակի տաքացումը։
Գլոբալ տաքացման հետ անմիջականորեն կապված մեկ այլ խնդիր են անտառային հրդեհները: Կլիմայի փոփոխության պատճառով ջերմային ալիքներն ու երաշտները ավելի հաճախակի են դառնում:
Մայրցամաքի տաքացման մեկ այլ հետևանք է ջրի սակավությունը: Եվրոպական բոլոր գետերի 70%-ի ջրի մակարդակը նախորդ տարի արտասովոր ցածր է եղել։
Դրական տեսանկյունից գիտնականները նշել են, որ բարկ արևն օգնում է եվրոպացիներին նվազեցնել նավթից, ածխից և գազից կախվածությունը՝ այդպիսով լուծելով էներգետիկ ճգնաժամի հիմնական խնդիրը՝ Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը։
Մյուս կողմից, արևային էներգիան նաև օգնում է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, որոնք, ըստ գիտնականների, գլոբալ տաքացման պատճառն են։
2025 թվականին վերականգնվող էներգիայի աղբյուրներն ապահովել են Եվրոպայի էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե կեսը. արևային վահանակներին պատմության մեջ առաջին անգամ բաժին է ընկել 12,5%-ը։