Բելգիայի հայտնի հայերը. արմատներից դեպի արարում. Նունե և Լևոն Մուրադյանների պատմությունը

8 րոպեի ընթերցում

Ընտանեկան որոշ պատմություններ դուրս են գալիս անձնական հիշողության սահմաններից։ Դրանք դառնում են ժամանակի, գաղթի, ինքնության և ժառանգության փոխանցման պատմություններ։

Այդպիսի պատմություն է Լևոն Մուրադյանի և նրա դստեր՝ RISH-ի հիմնադիր Նունե Մուրադյանի ճանապարհը։

1990-ականների վերջում Բելգիա տեղափոխվելով՝ Մուրադյանների ընտանիքը նոր երկիր չէր տանում միայն նոր կյանքի ակնկալիքը։ Նրանք իրենց հետ բերում էին հիշողություն, ներքին ուժ, Հայաստանից խորը կապվածություն և մի յուրահատուկ կարողություն՝ ինտեգրումը վերածելու ստեղծման, իսկ արմատները՝ ապագայի հենարանի։

Լևոն Մուրադյանը Բելգիա է գալիս 1998 թվականին։ Շատ արագ նա նկատում է, որ հայկական համայնքի ներսում արդեն ձևավորված կյանք կա, սակայն բացակայում է մի կարևոր օղակ՝ նոր ժամանողների և բելգիական հասարակության միջև կենդանի կապը։

Նրա համար հարցը միայն մշակույթ պահպանելը չէ։ Խոսքը մարդկանց օգնելու մասին է՝ հասկանալ նոր միջավայրը, սովորել լեզուներ, ճանաչել իրենց իրավունքները և, ամենակարևորը, ինքնուրույն կառուցել իրենց կյանքը։

Այս մտայնությամբ նա 1999 թվականին ստեղծում է հայկական մշակույթի ներկայացման կենտրոն, իսկ 2000 թվականին հիմնում է Le Progrès («Առաջընթաց») ՀԿ-ն։ Անվանումը պարզ է թվում, բայց իր մեջ կրում է հստակ գաղափար՝ առաջ շարժվել, կառուցել, զարգանալ։

Տարիների ընթացքում կենտրոնը դառնում է ոչ միայն մշակութային, այլև կենսական հարթակ։ Այստեղ գործում է հայկական դպրոց, որտեղ ավելի քան հազար երեխա սովորում է լեզու, գիր, մշակույթ։ Կազմակերպվում են նաև լեզվի դասընթացներ, ինտեգրման ծրագրեր, մշակութային միջոցառումներ։ Կենտրոնը միաժամանակ դառնում է ինքնության փոխանցման վայր և ինքնուրույնացման գործիք։

Շատ շուտ այն դուրս է գալիս միայն հայկական շրջանակից։ Այստեղ գալիս են տարբեր համայնքների մարդիկ՝ իրենց պատմություններով, իրենց փորձություններով։ Որովհետև Լևոն Մուրադյանի նպատակը միայն մշակույթ փոխանցելը չէ, այլ մարդկանց տալը այն գործիքակազմը, որով նրանք կկարողանան կանգնել իրենց ոտքերի վրա։

Նույն տրամաբանությամբ էլ ձևավորվում է համագործակցություն Միգրացիայի կազմակերպության հետ։ Դրա շնորհիվ հարյուրավոր հայկական ընտանիքներ աջակցություն են ստանում Հայաստան կամավոր վերադարձի ծրագրի շրջանակում՝ հնարավորություն ունենալով նոր կյանք սկսել նաև հայրենիքում։

Մուրադյանների ընտանիքում հայկականությունը երբեք չի եղել պարտադրված գաղափար։ Այն փոխանցվել է բնականորեն՝ լեզվի, առօրյայի, ժեստերի, կյանքի ընկալման միջոցով։

Նունեն այդ մասին խոսում է շատ պարզ ու անկեղծ։ Նա ծնվել է Երևանում, բայց մեծացել է Հայաստանի և Բելգիայի միջև։ Իր մանկությունից նա պահել է շատ հստակ պատկերներ՝ մեծ այգիներ, պտղատու ծառեր, թթու դրվող բանջարեղեն, մառաններ՝ լի ձմռան պահուստներով. հողի և սեղանի անմիջական կապը։ Այդ ժամանակ դա գիտակցված չէր։ Դա պարզապես կյանքն էր։

Բայց տարիներ անց նա հասկանում է, որ այդ ամենը մնացել է իր մեջ՝ որպես բնականի հանդեպ սեր, համի նկատմամբ ուշադրություն, ժամանակի և դանդաղ փոփոխությունների հանդեպ հարգանք։

Մուրադյանների ընտանիքում ձեռներեց լինելը ընտրություն չէ։ Դա մտածելակերպ է։ Նունեն մեծացել է՝ տեսնելով, թե ինչպես են իր ծնողները ամեն ինչ սկսում զրոյից՝ կառուցում իրենց կյանքը, ստեղծում նախագծեր, փորձում, սխալվում, նորից սկսում։ Շատ շուտ նա հասկանում է, որ հնարավոր է սեփական ուժերով ստեղծել։

Լևոն Մուրադյանի ստեղծած կենտրոնն էլ իր հերթին ձևավորում է այս մտածելակերպը։ Ժամանակի ընթացքում այնտեղ եկող մարդիկ այլևս չեն ցանկանում միայն ինտեգրվել․ նրանք ուզում են ստեղծել՝ խանութ, բիզնես, գործունեություն։

Դրա համար Լևոնը կազմակերպում է կառավարման դասընթացներ՝ սկզբում հայերի, ապա ավելի լայն հանրության համար։ Նպատակը նույնն է՝ ոչ թե պարզապես օգնել, այլ հնարավորություն տալ։

Նունեի ճանապարհը ուղիղ չի եղել։ Նա սկսում է իրավաբանական ուսում, հետո հասկանում՝ դա իրենը չէ։ Շարունակում է այլ ոլորտներում՝ հանրային կապեր, եվրոպական գործեր, աշխատում միջազգային միջավայրերում՝ այդ թվում Եվրոպական հանձնաժողովում։ Այս շրջանը դառնում է ինքն իրեն ավելի լավ ճանաչելու փուլ։ Նա հասկանում է, որ իր հայկականությունը պարզապես ծագում չէ։ Դա արժեքների համակարգ է՝ ջերմություն, արժանապատվություն, ուշադրություն մարդկանց հանդեպ, համայնքի զգացում, բայց նաև պահանջկոտություն և ձգտում։

2020 թվականը դառնում է շրջադարձային։ Քովիդը փոխում է ամեն ինչ, և Նունեն, որն աշխատանքային գործունեությամբ պայմանավորված, գտնվում էր Օմանում, վերադառնում է Բելգիա։ Այդ ընթացքում նրա հայրը տարիներ շարունակ աշխատել էր ըմպելիքների արտադրության գաղափարի վրա՝ ուսումնասիրելով, փորձարկելով, սարքավորումներ հավաքելով։

Եվ մի պահ ամեն ինչ միանում է։ Նունեն տեսնում է սկոբի՝ կոմբուչայի հիմքը, և այդ պահին գալիս է պարզ, բայց վճռական միտք՝ նա պատրաստելու է կոմբուչա։ Այս գաղափարը ծնվում է ինտուիցիայի և երկար տարիների կուտակված ազդեցությունների հատման կետում։ Մի կողմից՝ ընտանեկան հիշողությունները՝ տատիկների թթուները, բնական սնունդը, հողի հետ կապը, մյուս կողմից՝ ժամանակակից փորձը՝ տեսածը արտերկրում, կոմբուչան՝ որպես որակյալ արտադրանք։ Այս ամենին ավելանում են հոր տարիների աշխատանքն ու տեսլականը։

RISH-ը դառնում է ընտանեկան նախագիծ՝ իր առաջին փորձերով, սխալներով։ Սկզբում ամեն ինչ արվում է փոքր մասշտաբով՝ ունեցած միջոցներով, մեծ համառությամբ և հստակ պատկերացմամբ։

Նունեն ստեղծում է ապրանքանիշը, դիրքավորում արտադրանքը։ Նա ուզում է ստեղծել մի բան, որը կլինի որակյալ և առանձնահատուկ։ Եվ դա աշխատում է։

Սկզբում՝ ռեստորանային ոլորտում, ընտրովի ներկայությամբ, հետո՝ աստիճանաբար ավելի մեծ մասշտաբով։ Այսօր RISH-ը զարգանում է, ստեղծում աշխատատեղեր և շարունակում աճել։

Այս պատմության ամենաուժեղ գիծը, թերևս, սա է․ հայկականությունը նրանց համար փակ ինքնություն չէ։ Այն կապ ստեղծող ուժ է։ Տարիների ընթացքում շատ մարդիկ՝ տարբեր երկրներից, ցանկացել են բացահայտել Հայաստանը պարզապես այն պատճառով, որ նրանց միջոցով հանդիպել են ինչ-որ անկեղծ, ջերմ և իրական բանի։

Ինչպես ասում է Նունեն՝ երբեմն մարդը դառնում է իր երկրի դեսպանը՝ առանց հատուկ փորձելու, պարզապես իր ներկայությամբ։

Մուրադյանների պատմությունը չի պատմում ձուլման կամ փակ ինքնության մասին։ Այն պատմում է այլ բանի մասին՝ լինել ամբողջությամբ այստեղ՝ առանց դադարելու այնտեղից լինել, փոխանցել առանց սահմանափակելու, հաջողել առանց արմատներից կտրվելու, ժառանգությունը դարձնել ուժ։

Լևոնի դեպքում այդ ուժը մարմնավորվում է համայնքի, կրթության և ծառայության մեջ, իսկ Նունեի դեպքում՝ ձեռնարկատիրության, արարման և արտադրանքի մեջ։ Եվ, թերևս, ամենագեղեցիկը սա է, երբ գաղթի պատմությունը վերածվում է արարման պատմության։

Հայերեն Français Русский

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով

Դեյվիդ Բեքհեմին աստղ է շնորհվել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ

Ֆրանսիայում վեց մարդ դատապարտվել է հազվագյուտ ռուսական գրքեր գողանալու համար

Հունիսի 15-ի միջոցառումների անոնս