Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է համաեվրոպական շրջագայության՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

2 րոպեի ընթերցում

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է համաեվրոպական շրջագայության՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ից մայիսի 16-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 14 համերգով հանդես կգա Եվրոպայի հինգ մշակութային կենտրոններում՝ Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Իսպանիայի հեղինակավոր համերգասրահներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջագայությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Այս շրջագայությունը վկայում է Հայաստանի 100-ամյա նվագախմբի բարձր վարկանիշի և եվրոպական երաժշտական մշակութային դաշտում ունեցած պահանջարկի մասին: 

Նվագախումբը հանդես կգա մենակատարների տպավորիչ կազմով. մեր ժամանակների մեծագույն ջութակահարներից Օգյուստեն Դյումեյը և հռչակավոր հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանն իրենց մասնակցությամբ կամրապնդեն շրջագայության միջազգային բարձր կարգավիճակը, իսկ ծագող աստղեր դաշնակահարուհի Եվա Գևորգյանի և իտալացի թավջութակահար Էտտորե Պագանոյի ելույթները թարմություն կհաղորդեն համերգային ծրագրին: Ազդեցիկ է նաև դիրիժորների ցանկը. համերգները կղեկավարեն Էդուարդ Թոփչյանը (Հայաստան), Պիեռ Կառլո Օրիցիոն (Իտալիա) և Բենջամին Ցվիկը (Շվեյցարիա):

Համերգային երկացանկում ընդգրկված են դասական երաժշտության ծանրակշիռ գլուխգործոցներ: Սա յուրօրինակ մասնագիտական քննություն է, որը ևս մեկ անգամ կփաստի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կատարողական բարձր մակարդակն ու մրցունակությունը եվրոպական լավագույն նվագախմբերի կողքին: Ի թիվս այլ ստեղծագործությունների՝ կհնչեն Դմիտրի Շոստակովիչի Սիմֆոնիա թիվ 10-ը, Գուստավ Մալերի Առաջին «Տիտան» սիմֆոնիան, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Ջութակի թիվ 3 կոնցերտը, Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը, Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը, Պյոտոր Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը, ինչպես նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից:

Այս շրջագայությամբ ևս մեկ անգամ կամրապնդվի Հայաստանի մշակութային ներկայությունը Եվրոպայի հեղինակավոր բեմերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում