Եվրոպա

Մետրոյի աշխատողների գործադուլը կաթվածահար է արել Լոնդոնը

2 րոպեի ընթերցում

Մետրոյի աշխատողների գործադուլը կաթվածահար է արել Լոնդոնը

Լոնդոնում մեկնարկել է մետրոպոլիտենի աշխատողների մեկօրյա գործադուլը, որի հետևանքով զգալիորեն կրճատվել է գնացքների երթևեկությունը բոլոր գծերում՝ կաթվածահար անելով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Երկաթուղային, ծովային և տրանսպորտային աշխատողների ազգային արհմիությունը (RMT) գործադուլի մասին հայտարարել էր մարտին։ Աշխատողները դժգոհ են աշխատանքային պայմաններից և ծանր հերթափոխային գրաֆիկից։ Առաջին գործադուլը պետք է անցկացվեր մարտի վերջին, բայց այն չեղարկվել էր մետրոպոլիտենի ղեկավարության հետ բանակցությունների ֆոնին։

Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին: Ի տարբերություն 2025 թ. սեպտեմբերի գործադուլի, երբ մետրոն լիովին դադարել էր աշխատել, այս անգամ գծերի մեծ մասը շարունակում է գործել։

Գործադուլը կշարունակվի մինչև ապրիլի 22-ի կեսօր։ Եվս մեկ մեկօրյա գործադուլ է պլանավորված ապրիլի 23-ին, ևս երկուսը՝ մայիսի 19-ին և 21-ին։ Բողոքի մասնակիցների հիմնական դժգոհությունների թվում են մեքենավարների գրաֆիկի տեղավորումը չորսօրյա աշխատանքային շաբաթվա մեջ, չափազանց երկար հերթափոխները, անձնակազմի անհավասար բաշխումը, ինչպես նաև հոգնածության և անվտանգության հարցերը։

Սեպտեմբերին անցկացված չորսօրյա գործադուլի արդյունքում RMT-ն հասավ աշխատավարձի եռամյա պայմանագրի։ 2021 թվականին RMT-ն վեց ամիս շարունակ անցկացրել էր գործադուլներ, որոնք զգալի խափանումներ էին առաջացրել մայրաքաղաքի մետրոյում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում