Իշխող ուժի պատգամավորները տրամաբանական են համարում նախընտրական շրջանում իրավապահների զգոնության ավելացումը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հայտարարեց, որ տեղեկություն չունի, նախընտրական շրջանով պայմանավորված, իրավապահ համակարգի՝ առաջին աստիճանի պատրաստականության բերվելու մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թագուհի Ղազարյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով իրավապահ համակարգի, ուժային կառույցների առաջին աստիճանի պատրաստականության բերվելու մասին շրջանառվող խոսակցություններին։
«Ես նման լուր չունեմ։ Ոչ ոք մեզ նման բան չի հայտնել, բայց ավելի քան տրամաբանական է, որովհետև նախընտրական շրջանը սուր, լարված շրջան է, և պետք է բոլորն ավելի զգոն լինեն, որպեսզի այդ լարումը որևէ վատ հետևանքների չբերի»,-ասաց Ղազարյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ իրավապահ մարմինները պետք է ավելի զգոն լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմությունը փողոցներում մահապատժի տեսարաններ է բեմադրել, Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ քարերով հարվածել են ոստիկաններին։