Լոռու մարզում Սերբիայի աջակցությամբ բացվել է օրվա կարգավորվող ջրամբար

5 րոպեի ընթերցում

Օրվա կարգավորվող նոր ջրամբար Լոռու մարզում. Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ կառուցված ջրամբարը կծառայի մարզի մի շարք համայնքների տնտեսության զարգացմանը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջրամբարի պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ​​ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը և Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը:

Լոռի Բերդ համայնքի Հովնանաձոր բնակավայրում կառուցված նոր ջրամբար, ունի 8,900 խմ տարողություն և 450 մետր երկարությամբ բաշխիչ խողովակաշար, կսպասարկի երկու խոշորացված համայնքների՝ Լոռի Բերդին և Ալավերդիին: Ընդհանուր առմամբ 9 գյուղական բնակավայրեր ուղղակիորեն կօգտվեն այս համակարգից, որը կսնուցի գործող ոռոգման ջրանցքը:  

Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը նշեց՝ Հայաստանն ու Սերբիան շատ սերտ կապեր ու համագործակցություն ունեն. 2019 թվականին Հայաստանում Սերբիայի դեսպանատուն բացելուց հետո մեծ ջանքեր են ներդրվել այդ կապերն էլ ավելի ամրապնդելու, խորացնելու  ուղղությամբ: Ըստ նրա՝ այս ծրագիրը ևս ուղղված է այդ նպատակին՝ ամրապնդել երկու երկրների հարաբերությունները: 

«Երբ Հայաստանում տեղի ունեցավ ջրհեղեղ, որոշվեց, որ Սերբիայի կառավարության կողմից տրամադրվող օժանդակության մի մասը կհատկացվի նաև նման ծրագրերի իրականացմանը։ Ապագայում ջրհեղեղների կանխարգելման տեսանկյունից սա չափազանց կարևոր է։ Սա առաջին դեպքն է, երբ Սերբիան նման օժանդակություն է տրամադրում։ Խոսքը 1 միլիոն եվրոյի մասին է, որը հատկացվել է տարբեր ծրագրերի՝ ջրի կառավարման, արևային պանելների և վերականգնվող էներգիայի զարգացման համար։ Բացի այդ, ծրագրերը նպաստում են կանանց և երիտասարդների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև տեղական համայնքների հզորացմանը։ Կարևոր է, որ այս ամենով մենք ամրապնդում ենք մեր երկրների միջև կապերը»,- նշեց դեսպանը։

ՄԱԶԾ «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի առաջադրանքի ղեկավար Դավիթ Շինթյանն ընդգծեց, որ այս ենթակառուցվածքից ուղղակիորեն կօգտվի 900 տնային տնտեսություն (մոտ 3,700 ֆերմեր), իսկ ավելի քան 8,000 մարդ կօգտվի անուղղակիորեն։

«Նոր ջրամբարի շնորհիվ կոռոգվի 400 հա հողատարածք։ Կարևոր է նշել, որ սա ներառում է նախկինում ջրի հասանելիություն չունեցող 160 հա տարածք, ինչը թույլ կտա վերականգնել հողերի մշակումը և կանխել հողի աստիճանական դեգրադացիան։ Այս ենթակառուցվածքը միայն ոռոգման մասին չէ, այն նաև անվտանգության մասին է։ Գտնվելով Դեբեդ գետի վտակի վրա՝ ջրամբարը նաև իրականացնում է հեղեղումների կանխարգելման գործառույթ»,- ասաց նա։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին հավելեց, որ նախաձեռնության հիմնական նպատակն է բազմաֆունկցիոնալ ծրագրի միջոցով օգուտներ ապահովել համայնքների համար։

«ՄԱԶԾ-ն արդեն 30 տարի է, ինչ գործում է Հայաստանում, և մենք ուրախ ենք, որ ակտիվ համագործակցություն ունենք երկրի բոլոր մարզերի հետ։ Լոռու մարզն այն կարևոր վայրերից է, որտեղ մենք իրականացնում ենք մի շարք ծրագրեր։ Այսօր  բացում ենք ջրամբար Լոռի Բերդ համայնքում, որն ապահովում է ոռոգման ջրի նոր աղբյուր շրջակա բնակավայրերի համար։ Այն նաև նպաստում է էներգաարդյունավետությանը։ Լոռու մարզում ունենք բնակելի տարածքներ, որոնք դառնում են ավելի էներգաարդյունավետ, և մենք նախատեսում ենք շարունակել ակտիվ համագործակցությունը մարզի հետ»,- նշեց նա։

Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը ևս ընդգծեց ծրագրի կարևորությունը՝ նշելով, որ կարգավորվող ջրամբարները մեծ նշանակություն ունեն։ Նրա խոսքով՝ դրանք նպաստում են միկրոկլիմայի ձևավորմանը, ինչպես նաև օգնում են նվազեցնել հեղեղումների ռիսկերը և ապահովել ոռոգման կայունություն։

«Այս ծրագիրը կարևոր է հատկապես խոշորացված համայնքների համար՝ մասնավորապես Լոռի Բերդ և Ալավերդի համայնքների գյուղական բնակավայրերի, որտեղ զարգացած է գյուղատնտեսությունը։ Ջրի սակավության պատճառով հաճախ բերքը վնասվում է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակին և Լոռի Բերդ համայնքին նման ծրագրի իրականացման համար, ինչպես նաև ջրահավաք ավազաններում կարևոր միջոցառումներ իրականացնելու համար»,- եզրափակեց նա։

Հայերեն English

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26