Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոնի դահլիճի վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Ներքին Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը, գյուղի մշակույթի կենտրոնի դահլիճի վերանորոգման շինարարական աշխատանքներն ընթացել են Մարտունի համայնքի 2025 թվականի «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի շրջանակներում՝ նախորդ տարվանից, 36 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։

«Ծրագրի շրջանակներում կատարվում են դահլիճի ներքին հարդարման, հատակի և պատերի նորոգման, առաստաղի վերականգնման, ինչպես նաև լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ։ Իրականացվում է նաև բեմի վերազինում և դահլիճի ընդհանուր պայմանների բարելավում։

Վերանորոգման արդյունքում մշակույթի կենտրոնի դահլիճը կդառնա ավելի հարմարավետ և ժամանակակից՝ ծառայելով համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը»,-ներկայացրեց Ռուբեն Զուլոյանը։

Հայերեն