Տնտեսություն

ԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծին

3 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծին

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության արժանացրեց «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը, որի սահմանում է ՀՀ-ում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները և ներդրողների իրավունքների պաշտպանության կառուցակարգերը, ներդրողների պարտականությունները, ներդրումային խթանների իրավական հիմքերը և այլն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնական զեկուցող, Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանը նշեց, որ նախագծի նպատակն է ստեղծել ներդրումային համակարգերի հարաբերությունների ժամանակակից  պահանջներին համապատասխան իրավական հիմքեր ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նաև հիշեցրեց, որ ներկայում գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքն՝ ընդունված 1994 թվականին և չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժեք ամբողջական կարգավորում։

«Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլև տեղացի ներդրողների և ներդրումների վրա։ Մինչդեռ, գիտենք, որ ներկայում գործող օրենքը տարածվում է միայն օտարերկրյա ներդրողների և ներդրումների վրա և չի կարգավորում տեղացի ներդրողների հետ կապված իրավահարաբերությունները»,-ասաց Սիրականյանը։

Նա մանրամասնեց, որ նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիքը երկու հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմը, որի համաձայն՝ օտարերկրյա ներդրողներն ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, ինչպես նաև առավել բարենպաստության ռեժիմը՝ ըստ որի՝ ՀՀ-ում բոլոր օտարերկրյա ներդրողները համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ։ Բացառություն նախատեսված է միայն միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված մաքսային միության, ազատ տնտեսական գոտու, տնտեսական միության, միասնական շուկայի, հարկային ռեժիմի կարգավորումների և այլ միջազգային պայմանագրերի մասով։

Փոխնախարարի բնորոշմամբ՝ նախագիծը նպատակ ունի նաև միավորել տարբեր օրենքներում և իրավական ակտերում ամրագրված ներդրողների իրավունքները, երաշխիքները և դրանք սահմանել մեկ իրավական ակտում։

Նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում։

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում