Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանը տեղափոխվել է հիվանդանոց
1 րոպեի ընթերցում

Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ տեղի ունեցած միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է բժշկական կենտրոն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Դավիթ Մինասյանը տեղափոխվում է Աբովյան ԲԿ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբանը։
Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։
Նույն գործով ձերբակալվել էին նաև Դավիթ Մինասյանի եղբայրը՝ Միքայել Մինասյանը և հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը։ Վերջիններիս նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք և գրավ։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում՝ պատարագի ավարտից հետո, երբ վարչապետը փորձում էր դուրս գալ եկեղեցուց։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը փորձում ձեռքով հարվածել վարչապետին։