Հասարակական

Լեհաստանի հանրային հեռուստաընկերությունը գործարկել է հայալեզու լրատվական ծառայություն

3 րոպեի ընթերցում

Լեհաստանի հանրային հեռուստաընկերությունը գործարկել է հայալեզու լրատվական ծառայություն

Լեհաստանի «Telewizja Polska» (TVP) հեռուստաընկերությունը գործարկել է հայալեզու «VT Hayastan News» լրատվական ծառայությունը՝ նպատակ ունենալով Հայաստանում և արտասահմանի հայ համայնքներում բարձրացնել հանրության դիմադրողականությունը մանիպուլյացիաների և տեղեկատվական միջամտության նկատմամբ։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում տարածված հաղորդագրությունից։

Հայալեզու ծառայության խմբագիր, հաղորդավար Ռազմիկ Մարտիրոսյանը մանրամասնեց, որ նախագիծը նպատակ ունի եվրոպական տեսանկյունից ներկայացնել քաղաքական, սոցիալական և տնտեսական իրադարձությունները, նպաստել Հայաստանում Եվրոպական Միության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև Լեհաստանի հետ համագործակցության ամրապնդմանը։

«Որպես ամենամեծ նպատակ նշվում է նաև ապատեղեկատվության դեմ պայքարը և հիմնականում ժողովրդավարական արժեքների վրա շեշտադրում կատարելը»,-ներկայացրեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ «VT Hayastan News»-ը ստեղծվել է Լեհաստանի հանրային հեռուստաընկերության TVP-ի Միջազգային մեդիա կենտրոնի շրջանակներում և իրականացվում է երկրի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Նախագծի առաքելությունն է նաև բարձրացնել հանրության դիմադրողականությունը մանիպուլյացիաների և տեղեկատվական միջամտության նկատմամբ, ինչպես նաև հակազդել Հայաստանին և նրա գործընկերներին ուղղված ապատեղեկատվությանը։

Ծրագիրը եթերում կլինի շաբաթական հինգ օր, իսկ հաղորդումների տևողությունը նախատեսված է 18-20 րոպե։

Մարտիրոսյանի հավաստմամբ՝ դրանցում, չեզոք մոտեցմամբ, կներառվի տեղեկատվություն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, կապահովվի բազմակարծությունն ու բազմավեկտորությունը, ինչպես նաև կներկայացվի փաստահեն լրատվություն։

«VT Hayastan News» լրատվական թիմը կազմված է հայ լրագրողներից, նրանցից են՝ Ռազմիկ Մարտիրոսյանը, Հարություն Ոսկանյանը և Նունե Գևորգյանը։

«Աշխատում ենք Վարշավայից։ Լեհաստանում այս պահի դրությամբ ունենք 5 աշխատակից, իսկ Հայաստանում ևս 3-4 թղթակից»,-ասաց հայալեզու հաղորդման խմբագիրը։

«VT Hayastan News»-ի ծրագրերը կհեռարձակվեն «Belsat» հեռուստաալիքով՝ երկուշաբթիից ուրբաթ, հասանելի կլինեն YouTube-ում և Facebook-ում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում