Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
3 րոպեի ընթերցում
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մարտի 31-ից ապրիլի 2-ը տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի համայնքների միության լրատվական ծառայությունը։
Նշվում է, որ սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի նորացված պատվիրակությամբ։
Այս նստաշրջանով մեկնարկում է ազգային պատվիրակությունների նոր՝ հնգամյա մանդատը: Հայաստանի նորացված պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են համայնքների ներկայացուցիչներ, հնարավորություն կունենա մասնակցելու Կոնգրեսի նոր ղեկավարության ընտրություններին և ներկայացնելու Հայաստանի շահերը եվրոպական այս կարևորագույն հարթակում:
Օրակարգի հիմնական շեշտադրումները
50-րդ նստաշրջանի քննարկումների կիզակետում են լինելու ժամանակակից ժողովրդավարության առջև ծառացած լուրջ մարտահրավերները.
Տեղական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ. Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայի վերականգնմանը և տեղական իշխանությունների դերին պատերազմի հետևանքների հաղթահարման գործում:
Անվտանգություն և պաշտպանվածություն. Օրակարգում է ընտրված պաշտոնյաների նկատմամբ բռնության դեպքերի աճի և դրանց դեմ պայքարի հարցը:
Տարածաշրջանային զարգացումներ. Կքննարկվի Վրաստանում տեղական ժողովրդավարության վիճակը, ինչպես նաև տեղական ընտրությունների դիտորդական առաքելությունների արդյունքները մի շարք եվրոպական երկրներում:
Նոր տեխնոլոգիաներ և սոցիալական իրավունքներ. Արհեստական բանականության ազդեցությունը տեղական կառավարման վրա և սոցիալական իրավունքների հասանելիության ապահովումը ճնշումների պայմաններում:
Բարձրաստիճան քննարկումներ
Նստաշրջանին ելույթներով հանդես կգան ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գյոմարը և եվրոպական երկրների կառավարությունների ու խոշոր քաղաքների ներկայացուցիչներ:
Հայաստանի համայնքների միությունը՝ որպես հայկական պատվիրակության գործունեության համակարգող, ակտիվորեն կհետևի նստաշրջանի աշխատանքներին և պարբերաբար կթարմացնի տեղեկատվությունը մեր պատվիրակների գործունեության և ընդունված որոշումների վերաբերյալ: