9 րոպեի ընթերցում
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը մարտի 27-ից 29-ը մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին` TOON Expo-ին, որն այս անգամ ունի ներդրումային շեշտադրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիաբանկի տաղավարում այցելուներին կառաջարկվի արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերի լայն ընտրություն՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, պետական աջակցությամբ հիփոթեքային վարկեր, ինչպես նաև հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար:
Սովորաբար Toon Expo ցուցահանդեսի շրջանակում այցելուներին ներկայանում են շուրջ 200 ընկերություններ՝ թե՛ Հայաստանի, թե արտասահմանյան շուկաներից: Ցուցահանդեսը կազմակերպվում է արդեն 6-րդ անգամ, նախորդ 5-ի արդյունքում վաճառվել է 750 մլն ԱՄՆ դոլարից ավելի անշարժ գույք։
Ամերիաբանկի Երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը նշեց, որ այս տարի ևս Ամերիաբանկը ձգտում է լինել հաճախորդների և գործընկերների կողքին, օգտագործել ցանկացած հնարավորություն՝ ներկայացնելու իր առաջարկներն ու ականջալուր լինելու շուկային և հաճախորդների կարիքներին։
«TOON Expo-ն այն հարթակներից մեկն է, որտեղ մեկ հարկի ներքո համախմբվում են անշարժ գույքի շուկայի բոլոր առաջատար դերակատարները՝ կառուցապատող ընկերությունները, անշարժ գույքի գործակալները, ֆինանսական համակարգը ներկայացնող կազմակերպությունները, հարակից ծառայություններ մատուցող ընկերությունները։ Սա մեզ համար ստեղծում է բացառիկ հնարավորություն՝ փորձի փոխանակման, միմյանց հետ շուկայի միտումների ուսումնասիրման, ինչպես նաև շուկայի կարիքների բացահայտման առումով»,- ասաց Գևորգյանը։
Նա հավելեց, որ Ամերիաբանկն այս տարի նույնպես ներկայացել է բացառիկ ու գրավիչ առաջարկով։ Բավականին շահեկան են, օրինակ, հիփոթեքային և ներդրումային վարկավորմանն առնչվող առաջարկները, ինչը հնարավորություն է տալիս անշարժ գույք ձեռք բերել Հայաստանի սահմաններից դուրս։
Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի առաջատարներից է՝ շուկայի 23.1 տոկոս մասնաբաժնով։ Նախորդ տարվա ընթացքում բանկին հաջողվել է իր հիփոթեքային պորտֆելն ավելացնել շուրջ 40 միլիարդ դրամով։ Այս պահի դրությամբ՝ Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը կազմում է ավելի քան 365 միլիարդ դրամ։
Ամերիաբանկի Հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Լիանա Աղայանը նշեց, որ Ամերիաբանկը երրորդ տարին անընդմեջ հանդիսանում է TOON Expo-ի կարևոր մասնակիցներից մեկը և տարվա միջոցառմանը ներկայանում է մեծ կազմով ու բացառիկ առաջարկներով։
«Սա մի հարթակ է, որտեղ կառուցապատումն ու ֆինանսավորումը միավորվում են՝ հաճախորդներին առաջարկելով ճկուն լուծումներ և ընտրության լայն հնարավորություն։ Հայաստանի հիփոթեքային շուկան վերջին տարիներին ապրում է նոր զարգացում։ Եթե նախկինում շինարարությունը կենտրոնացած էր Երևանում, ապա այժմ նկատելի է հավասարակշռված աճ թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում։ Հատկապես ակտիվացել է երևանամերձ բնակավայրերի շինարարությունը։ Այդ տեսանկյունից՝ ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև Արարատի, Արմավիրի, Տավուշի և Կոտայքի մարզերում։ Այդ ակտիվությունը պայմանավորված է մարզերում եկամտահարկի վերադարձի օրենքի առկայությամբ, ինչպես նաև կյանքի որակի բարելավմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ և այլ հանգամանքներով»,- նշեց Աղայանը։
Նրա տեղեկացմամբ՝ Ամերիաբանկը, ավանդույթի համաձայն, ներկայանում է հետաքրքիր առաջարկներով։ TOON Expo-ի մասնակից հաճախորդներն ունեն հնարավորություն՝ ձեռք բերելու անշարժ գույք բանկի հետ համագործակցող կառուցապատողներից 0 տոկոս կանխավճարով։
«Մեր հաճախորդներին առաջարկում ենք նաև տոկոսադրույքի ընտրության հնարավորություն։ Նրանք կարող են հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերել, վերանորոգել, կառուցապատել անշարժ գույք 12.75 տոկոս անվանական տոկոսադրույքով կամ 12.9 տոկոս տոկոսադրույքով` 2 տոկոս քեշբեքի հնարավորությամբ»,- մանրամասնեց Աղայանը։
Նա կարևորեց հատկապես սփյուռքի մեր հայրենակիցների համար նախատեսված ծրագիրը, որով նրանք կարող են ձեռք բերել, վերանորոգել կամ կառուցապատել անշարժ գույք իրենց հայրենիքում՝ ճկուն պայմաններով և պարզեցված գործընթացով։
«Ամփոփելով ասեմ, որ հիփոթեքային շուկան ոչ միայն վարկավորման, այլև ընտանիքների բարեկեցության և նրանց մեծ երազանքների մասին է»,- ասաց Աղայանը:
Ամերիաբանկի Պրոդուկտի իրագործման մենեջեր Տիգրան Գրիգորյանը նշեց, որ МyHome հարթակի օգնությամբ գործարքները դառնում են ավելի ճկուն, հարմարավետ և ամբողջությամբ թվային։
«Մեզ համար կարևորագույն գնահատականը մեր հաճախորդների վստահությունն է, հետևաբար հաճելի է արձանագրել, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր հաճախորդների թիվն աճել է 60 տոկոսով, ինչը խոսում է ոչ միայն մարդկանց հետաքրքրության և ակտիվ այցերի, այլև շուկայում Ամերիաբանկի հանդեպ նրանց վստահության աճի մասին։ Մարդիկ գալիս են ոչ միայն МyHome հարթակում հայտարարություններին ծանոթանալու, այլև որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու նպատակով»,- ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ TOON Expo-ն մշտապես МyHome հարթակի համար եղել է լրացուցիչ խթան՝ այցելությունների և հետաքրքրության աճի առումով։ Այդտեղ Ամերիաբանկը ներկայացնում է առաջարկներ գործընկերներին՝ տալով մասնագիտական խորհրդատվություն։
«Անշարժ գույքի ձեռքբերումը ոչ միայն վերջնակետ է, այլև նոր փուլի սկիզբ։ Մենք զարգացրել ենք նաև մեր վերանորոգման հաշվիչը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին մուտքագրել իրենց բնակարանի մակերեսն ու ստանալ վերանորոգման տարբեր սցենարներ՝ սկսած պարզ լուծումներից, վերջացրած բարձրակարգ տարբերակներով։ Այս ամենը թույլ է տալիս կայացնել ավելի պլանավորված ֆինանսական որոշումներ դեռ գույքի փնտրման փուլում։ МyHome-ի հաճախորդներին հասանելի են մինչև 40 տոկոս զեղչի պրոմո կոդ, բացառիկ առաջարկներ շուրջ 60 խանութներից ու հարակից ծառայություններ մատուցող կազմակերպություններից։ Պետք է միայն գրանցվել հարթակում, ստանալ պրոմո կոդ և դա ներկայացնել գործընկեր կազմակերպությանը»,- ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ МyHome-ում ներկայացված են նաև արտասահմանյան գույքեր ԱՄէ-ից, Իսպանիայից, Հունաստանից, Վրաստանից, և այդ աշխարհագրությունը շարունակաբար ընդլայնվում է։ Ամերիաբանկի գրավով ապահովված և ներդրումային վարկերի պրոդուկտի մենեջեր Գրիգոր Աբաջյանն էլ նշեց, որ Ամերիաբանկը ներդրումային վարկեր տրամադրում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով` դոլար՝ 9,5% և եվրո՝ 8,5 %։
«Վարկը տրամադրում ենք ինչպես գույքի ամբողջ գումարի, այսինքն՝ գնի չափով, այնպես էլ մասամբ։ Որոշ երկրներում տարաժամկետ վճարման եղանակով հնարավոր է ձեռք բերել գույք։ Այս վարկատեսակի միջոցով ֆիզիկական անձինք կարող են գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում և ստանալ լրացուցիչ եկամուտ: Օգտվելով այս վարկատեսակից՝ կարելի է նաև ՀՀ-ի և արտերկրի ընկերություններում բաժնեմաս գնել կամ այլ կերպ բիզնեսում ներդրում կատարել: Վերջին 2 տարվա ընթացքում մեր պորտֆելի ծավալն ավելացել է ավելի քան 2,5 անգամ, ինչը նշանակում է, որ վարկերի նկատմամբ պահանջարկը գնալով աճում է, և մեր հաճախորդներն ավելի շատ են հետաքրքրվում այս վարկատեսակի միջոցով արտասահմանում գույք ձեռք բերելու հեռանկարով»,- ասաց Աբաջյանը։
Նշենք, որ Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շարունակում է պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 23.1% շուկայի մասնաբաժնով (2025թ.-ի IV եռամսյակի տվյալներով) և դարձել է անշարժ գույքի շուկայով հետաքրքրվող անձանց հուսալի գործընկերը։