Տնտեսություն

Հայաստանում պատմության մեջ իրականացվել է առաջին սինդիկացված վարկային գործարքը՝ 300 մլն ԱՄՆ դոլար «Firebird AI»-ին ֆինանսավորելու համար

3 րոպեի ընթերցում

Հայաստանում պատմության մեջ իրականացվել է առաջին սինդիկացված վարկային գործարքը՝ 300 մլն ԱՄՆ դոլար «Firebird AI»-ին ֆինանսավորելու համար

Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ վեց ֆինանսական կառույցների միջև ստորագրվել է սինդիկացված վարկային պայմանագիր՝ խոշոր տեխնոլոգիական նախագծի ֆինանսավորման նպատակով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նշելով, որ գործարքի շրջանակում առաջատար բանկերն ու ներդրումային կառույցները միավորվել են՝ «Firebird AI» ընկերությանը տրամադրելու 300 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ սա ներդրում է ոչ միայն «Firebird AI» ընկերության, այլև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, նորարարության, գիտության և տնտեսության զարգացման մեջ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ ընդգծելով, որ այս մեգանախագիծը բխում է 2025 թվականին Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես, արհեստական բանականության և կիսահաղորդչային ոլորտներում երկկողմ փոխըմբռնման հուշագրից։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ այս նախագիծը գալիս է կյանքի կոչելու վերոնշյալ հուշագիրը և այդպիսով ապահովելու կոնկրետ կիրառական արդյունքներ մեր պետության համար՝ շնորհիվ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների գործուն աջակցության, ընկերության հիմնադիրների գործադրած ջանքերի, ինչպես նաև հայաստանյան ֆինանսաբանկային համայնքի ներդրումների շնորհիվ։  

Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և սինդիկատի մասնակից բանկերի ներկայացուցիչները՝ կարևորելով գործարքի նշանակությունը և ընդգծելով դրա դերը ֆինանսական շուկայի զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման գործում։ 

Գործարքը սահմանում է նոր գործնական վարկավորման ձևաչափ Հայաստանի ֆինանսական շուկայում՝ դառնալով ամենախոշորը թե՛ ֆինանսավորման ծավալով, թե՛ ներդրումների մասշտաբով։ Նախագիծը նպատակ ունի Հայաստանում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված «NVIDIA» ընկերության առաջատար տեխնոլոգիական լուծումների վրա։ 

Ծրագրի առաջին փուլի ընդհանուր ներդրման ծավալը կազմում է մոտ 450 մլն ԱՄՆ դոլար, որի զգալի մասը ապահովվում է վեց ֆինանսական կառույցների («Արդշինբանկ», «Ակբա բանկ», «Էվոկաբանկ», «Ֆասթբանկ», «C-Quadrat Ampega Asset Management Armenia» և «Amundi-ACBA Asset Management») համատեղ ֆինանսավորման միջոցով։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում