«Կանազ» մշակույթի տան վերականգնումը շարունակում է մնալ օրակարգային․ Երևանի քաղաքապետարան
4 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ում կատարած գրառման միջոցով անդրադարձել է 2026 թվականի մարտի 25-ին հրդեհի հետևանքով վնասված «Կանազ» մշակույթի տանը՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի համար մշակույթի տան վերականգնումը շարունակում է մնալ օրակարգային։
««Կանազ» մշակույթի տունը, դատարանի որոշմամբ, 2024-ին էր վերադարձվել Երևան համայնքին: Մինչև այդ, շենքը 2017-ից մասնավորի ձեռքում էր՝ «Արվեստի այբուբեն» մշակույթի հիմնադրամի, որը 10 տարվա ընթացքում խոստացված 480 մլն դրամի ներդրում չէր արել և շենքը հայտնվել էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում:
Համայնքային սեփականության իրավունքի վերականգնումից հետո մշակույթի տանը վերակառուցման աշխատանքներ դեռ չէին սկսվել և պարբերաբար ապօրինի շենք էին ներխուժում կարգազանցներ, կոտրում փականները, վնաս հասցնում շենքին, ինչից հետո դռները նորից կողպվում էին։
Բարեբախտաբար, շենքի ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել, այրվել և վնասվել է հիմնականում տանիքն ու ներքին հարդարանքը:
Երևանի քաղաքապետարանի համար «Կանազ» մշակույթի տան վերականգնումը օրակարգային է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է մամուլի քարտուղարն՝ ընդգծելով, որ նոր նախագծով պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը՝ կրթական հարթակ, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք:
Ըստ Արտյոմ Կարապետյանի գրառման՝ նոր կոնցեպտի հիմքում «STEAM» կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին, մարվել՝ 23։44-ին։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շինության առաջին հարկ և հարակից բնակելի շենքեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարակից բնակելի շենքերի վտանգավոր տեղամասերից բնակիչների տարհանում դեպի անվտանգ տարածք։
Տեղում աշխատանքներին ներգրավվել են Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր, Հայաստանի էլեկտրական ցանցի և գազի վթարային ծառայության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։
Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել են, որ «Կանազ» մշակույթի տանը հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ