Քաղաքականություն

Հայաստանն ու Պակիստանը փոխադարձաբար ոչ ռեզիդենտ դեսպանություններ կհիմնեն

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Պակիստանը փոխադարձաբար ոչ ռեզիդենտ դեսպանություններ կհիմնեն

Հայաստանն ու Պակիստանը փոխադարձաբար ոչ ռեզիդենտ դեսպանություններ հիմնելու գործընթացի մեջ են։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ներկայացնելով ՀՀ ԱԳՆ-ի 2025 թվականի գործունեության զեկույցը։ 

Միրզոյանը հիշեցրել է, որ անցած տարի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրների հետ՝ Լեսոտո, Սողոմոնյան կղզիներ, Պակիստան։

«Հատկապես Պակիստանի դեպքում գիտեք՝ տարիներ շարունակ կոնկրետ խնդիր կար, դա մի թնջուկ էր, որը կապվում էր նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններով։ Անցած տարի մեզ հաջողվեց հասնել փոխըմբռնման, նաև պակիստանյան կողմն էլ իր կողմից բավականին մեծ հանդիսավորություն հաղորդեց այս փաստին, հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ և դեսպաններ ենք հավատարմագրելու՝ այս փուլում ոչ ռեզիդենտ, բայց այդ գործընթացի մեջ ենք»,- ասել է Միրզոյանը։

2025 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը ստորագրել էին Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։ Ստորագրման արարողությունը կայացել էր Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում