Հիտլերն ընդդեմ Զելինսկու. ֆրանսիական քաղաքում ընտրությունները՝ համացանցի ուշադրության կենտրոնում
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիական փոքրիկ Արսի Սյուր Օբ քաղաքը համացանում շատ արագ ճանաչում է ձեռք բերել, քանի որ վերընտրվելու համար թեկնածություն ներկայացրած քաղաքապետի ազգանունն է Հիտլեր։ Ավելին, նրա երկու մրցակիցներից մեկի ազգանունն է Զելինսկի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Շառլ Հիտլերը BBC-ին հայտնել է, որ իր ամբողջ կյանքում անվան պատճառով զավեշտի առարկա է դարձել, երբեմն մարդիկ բեղեր են նկարել նրա նախընտրական պաստառների վրա, սակայն այժմ ամեն բան դուրս է եկել վերահսկողությունից։
Ֆրանսիական սոցիալական ցանցերում հումորային բազմաթիվ հրապարակումներ են արվել երկու մրցակիցների անունների պատճառով, որոնք ասոցացվում են գերմանացի երբեմնի բռնապետ Ադոլֆ Հիտլերի և Ուկրաինայի ներկայիս նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Հարցին, թե ինչու նա չի փոխել իր անունը, լաբորատորիայի նախկին ղեկավար Հիտլերը պատասխանել է, որ դա ժամանակատար թղթաբանության հետ է կապված։
Շառլ Հիտլերի մրցակից, մաքսային աշխատող 28-ամյա Անտուան Ռենո-Զելինսկին վերջերս է տեղափոխվել Արսի Սյուր Օբ։ Ազգանվան երկրորդ մասը նա ժառանգել է լեհ մորից։ Նրան շատ են հարցնում՝ արդյոք որևէ կապ կա իր և Ուկրաինայի նախագահի միջև, սակայն նման կապ գոյություն չունի։
Զելինսկին նույնպես նշել է, որ սոցցանցերում բոլորն իրենց մասին են խոսում։
Նրա համար, սակայն, բոլորովին զվարճալի չէ այսքան մեծ ուշադրությունը։
«Լավ կլիներ, որ մարդիկ Արսիի մասին խոսեին այլ պատճառներով», - ասել է Զելինսկին BFMTV-ի հետ զրույցում։