ԵՏՀ-ում քննարկվել է ԵԱՏՄ միջազգային համագործակցության օրակարգը
2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի ունեցած միջազգային գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը։
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի նախագահությամբ կայացած նիստում անդրադարձ է կատարվել միջազգային գործընկերներ հանդիսացող երրորդ երկրների, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ համագործակցության գործնական ուղղություններին։
Մասնավորապես, քննարկվել են Միությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև Եվրասիայում և Աֆրիկայում գործող տարածաշրջանային կառույցների ու միավորումների հետ համատեղ միջոցառումների կազմակերպման հարցերը։
Նիստի ընթացքում որոշում է կայացվել անցկացնել «Ինտեգրում առանց խոչընդոտների․ միավորումների երկխոսություն տնտեսական կապերի ուժեղացման համար» խորագրով նստաշրջան, որը նվիրված կլինի միջպետական և ինտեգրացիոն միավորումների միջև համագործակցության խորացմանը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության աճի նոր հնարավորությունների որոնմանը։
Միջազգային գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեն ստեղծվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մարտի 22-ի թիվ 46 որոշմամբ։ Կոմիտեի հիմնական նպատակներն են ԵԱՏՄ միջազգային գործունեության կատարելագործման վերաբերյալ առաջարկների մշակումը, միջազգային հարթակներում Միության դիրքերի ամրապնդումը և միջազգային համագործակցության հիմնական ուղղությունների ձևավորմանը վերաբերող առաջարկությունների պատրաստումը։