Աշխարհ

ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի անդամները բարձր են գնահատում Ղազախստանի սահմանադրական հանրաքվեի անցկացման մակարդակը

6 րոպեի ընթերցում

ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի անդամները բարձր են գնահատում Ղազախստանի սահմանադրական հանրաքվեի անցկացման մակարդակը

 

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական ասամբլեայի անդամները բարձր են գնահատում Ղազախստանում նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի անցկացման մակարդակն ու դրանում հանրության մասնակցության ցուցանիշները:

‹‹Արմենպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ասամբլեայի անդամները հայտարարել են Ղազախստանի նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի անցկացման շրջանակներում Աստանայում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում:

‹‹Քվեարկությունը բավական լավ էր նախապատրաստված։ Հանրության հետ հետադարձ կապը շատ լավ է կազմակերպված։ Կային բազմաթիվ հարցեր և քննարկումներ, այդ թվում՝ լրատվամիջոցների, ուղիղ եթերների առումով, և մեր կարծիքով, բնակիչների հետաքրքրությունը հանրաքվեի նկատմամբ անկեղծ էր: Մենք այսօր տեսանք դա ընտրատեղամասեր կատարած այցելությունների ժամանակ: Մենք նաև նկատեցինք, որ կան առանձին քվեարկության տեղամասեր հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Սա նույնպես շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք, թե որքան արդյունավետ է ամեն բան կազմակերպված››,- ճեպազրույցի ընթացքում նշել է ՌԴ Դաշնային խորհրդի դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Շևչենկոն:

ՌԴ Պետական ​​դումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Թայսաևն, իր հերթին, նշել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական հանձնաժողովի անդմաներն օրվա ընթացքում կարողացել են այցելել ավելի քան 20 ընտրատեղամաս, մանրակրկիտ դիտարկել դրանք՝ նկատելով, թե որքան սահուն է անցնում հանրաքվեն ընդհանուր առմամբ: 

‹‹Ես նաև ուզում եմ հաստատել մեծ թվով երիտասարդների ներկայությունը: Ընտրատեղամասերում դիտորդներ էին, մեծ թվով ուսանողներ և երիտասարդներ։ Մենք կարողացանք շփվել նրանց հետ՝ խոսելով ոչ միայն երիտասարդների, այլև տարեց մարդկանց հետ, և նրանք բոլորը շեշտեցին, որ այսօր ամբողջ աշխարհում շատ դժվար միջազգային իրավիճակ է, շատ բարդ գործընթացներ են տեղի ունենում, և նրանցից յուրաքանչյուրը շեշտում էր, որ սիրում է իր հայրենի երկիրը, և, իհարկե, ուզում է Ղազախստանում տեղի ունեցող հսկայական դրական փոփոխությունների մաս կազմել››,-ընդգծել է Կազբեկ Թայսաևը: 

ԱՊՀ միջխորհրդարանական հանձնաժողովի մյուս անդամները ևս իրենց խոսքում հատկապես առանձնանշել են, որ Ղազախստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հսկայական աշխատանք է կատարել, և այդ աշխատանքի արդյունքներն արդեն իսկ երևում են: 

‹‹Իսկապես, մեր այցելած տասնյակից ավելի տեղամասային հանձնաժողովներ նշել են, որ ամբողջ երկրում կարգուկանոն է տիրում։ Ոչ մի աղմուկ, խնդրահարույց հարցեր չկան: Ստեղծվել են ազատ, ժողովրդավարական և թափանցիկ քվեարկության բոլոր պայմանները: Եվ ուրախալի է, որ, առաջին հերթին, այս միջոցառմանն ակտիվորեն մասնակցում են նաև տարեց մարդիկ: Ես իսկապես հետաքրքիր համարեցի, որ մարդիկ եկել էին իրենց երեխաների հետ քվեարկելու: Եվ ես նաև ուզում եմ նշել մարդկանց ակտիվությունը, ինչը ցույց է տալիս, որ բնակչության քաղաքական գիտակցությունը ճիշտ մակարդակի վրա է։ Եվ ես հույս ունեմ, որ երեկոյան մասնակցության մակարդակը, հավանաբար, շատ բարձր կլինի››,-ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Տաջիկստանի Մեջլիսի սահմանադրական հիմքերի, մարդու իրավունքների և ազատությունների, քաղաքացիների և օրենքի գերակայության ապահովման հանձնաժողովի նախագահ Մահմադալի Վաթանզոդա։

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ժամը 18:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 8,845,280-ը կամ 70.98 տոկոսը։ Նշվում է, որ հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 16-ին:

Ղազախստանում նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն մեկնարկել է մարտի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 7:00-ին և կշարունակվի մինչև 20:00-ն: Հանրաքվեին մասնակցելու հնարավորություն ունի ավելի քան 12 միլիոն ընտրող։

Հանրաքվեի ընթացքը վերահսկելու համար արդեն հավատարմագրվել են 359 միջազգային դիտորդներ և 206 օտարերկրյա լրագրողներ։ Բացի այս 54 երկրներում բնակվող կամ ճանապարհորդող Ղազախստանի քաղաքացիները կկարողանան մասնակցել հանրաքվեին և քվեարկել 71 ընտրական հանձնաժողովներում, որոնք ստեղծվել են Ղազախստանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի դեսպանատանը:

Ընդհանուր առմամբ, փոփոխությունները վերաբերում են երկրի հիմնական օրենքի տեքստի 84 տոկոսին։

Հիմնական փոփոխությունները ներառում են երկպալատ խորհրդարանից անցումը միապալատ խորհրդարանի և Սահմանադրության գերակայության ամրագրումը միջազգային պայմանագրերի նկատմամբ: Ռուսերենի կարգավիճակը մնում է անփոփոխ և ոչ պաշտոնական:

Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահը կարող է ընտրվել միայն մեկ՝ 7 տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Նոր Սահմանադրության ընդունման պարագայում գործող խորհրդարանը կդադարեցնի լիազորությունները հուլիսի 1-ից։ Նոր՝ մեկ պալատանի խորհրդարանի ընտրությունները կարող են նշանակվել արդեն հուլիս ամսին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում