Հայաստան

Երեխայի հասունացման ամենակարևոր պրոցեսը տանից դուրս գալն է. վարչապետը պատասխանեց գյուղական դպրոցի փակման մասին քաղաքացու մտահոգությանը

4 րոպեի ընթերցում

Երեխայի հասունացման ամենակարևոր պրոցեսը տանից դուրս գալն է. վարչապետը պատասխանեց գյուղական դպրոցի փակման մասին քաղաքացու մտահոգությանը

Հայաստանում ոչ մի դպրոց չի փակվում։ Փակվում են ավերված դպրոցները, որտեղ աշակերտ չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Գորիսում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Խնածաղ գյուղի դպրոցի փակման մասին քաղաքացու արտահայտած մտահոգությանը։ 

«Ոչ մի դպրոց չի փակվում։ Մենք փակում ենք ավերված դպրոցներ, որտեղ աշակերտ չկա։ Երեխային տասը տարի պահում ենք յոթ հոգանոց դպրոցում, հետո իրեն տանում ենք յոթ միլիարդանոց աշխարհ, ասում ենք դե շփվի։ Տանում ենք հազար հոգանոց զորամաս ու ասում` դե այստեղ ծառայի։ Հետո ասում ենք` վայ, էս երեխեքը ինչի՞ չդիմացան։ Որովհետև դպրոցում ամենակարևորը այն չի, որ երեխան իմանա, թե որն է Իսպանիայի մայրաքաղաքը, չնայած դա էլ է կարևոր։ Բայց կարևոր է` իմանա շփվել տարբեր բնավորությունների մարդկանց հետ տարբեր իրավիճակներում։ Երեխան պետք է տանից դուրս գա։ Երեխայի հասունացման ամենակարևոր պրոցեսը տանից դուրս գալն է», - ասաց վարպետը։

Նա նկատեց` Խնածաղի ու մոտակա գյուղերի համար կառուցվում է նոր, մեծ դպրոց։ 

«Մեր հայրենակիցներն ասում են` երեխաներն ինչպե՞ս երեք-չորս կիլոմետր հեռու դպրոց գնան։ Իմ չորս երեխաներին վեց կիլոմետր հեռավորության վրա գտնվող դպրոց եմ տարել ամեն օր ու բերել։ Ինչո՞ւ եմ դա արել։ Ես դա արել եմ լավ կրթության համար։ Դպրոցը ոչ հաշվապահի համար է, ոչ տնօրենի համար է, ոչ էլ ուսուցչի համար է։ Առաջին հերթին դպրոցը աշակերտի համար է։ Մենք պետք է երախշավորենք, որ երեխան ստանա նորմալ կրթություն։ Նորմալ կրթության մեջ մտնում է նաև միջավայրը, այն, որ չի կարող չորս, տաս, քսան հոգանոց դպրոց լինել։ Որովհետև երեխան պետք է դպրոցում ձեռք բերի մեծ թվով մարդկանց հետ հարաբերվելու ընդունակություն։ Երեխան պետք է ունենա նորմալ խաղահրապարակ, մարզադահլիճ, լաբորատորիաներ, հանդիսությունների դահլիճ և բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ։ Երեխայի հետագա կենսագրության հարցը, հարուստ կամ աղքատ լինելու հարցը լուծվում է այդտեղ», - ընդգծեց Փաշինյանը։

Քաղաքացին իր հերթին նշեց, որ գյուղից մարդիկ գալիս են Գորիսում վարձով ապրելու, որպեսզի երեխաները Գորիսում դպրոց հաճախեն։ Վարչապետը պատասխանեց. 

«Մենք գյուղերի երեխաների համար դպրոց ենք բացում հենց նրա համար, որ Գորիս տեղափոխվելու անհրաժեշտություն չլինի։ Մենք հարմար վայրում, մի քանի գյուղերի համար նախատեսված կրթահամալիր ենք ստեղծում, նորոգում ենք այդ համալիրից գյուղ տանող ճանապարհը, ավտոմեքենա ենք ձեռք բերում, որ ավտոմեքենան գնա գյուղերից երեխաներին հավաքի, բերի դպրոց ու երեկոյան տանի իրենց տուն։ Ու սա է այն պայմանը, որ գյուղի բնակչին թույլ չի տալու գյուղը լքել։ Մեր այս արածը ոչ թե գյուղերը դատարկելու համար է, այլ գյուղերը լցնելու համար է։ Մարդն իր տունը լքում է, որպեսզի իր երեխան նորմալ կրթություն ստանա։ Մենք ասում ենք` դուք ձեր տանը ապրեք, մենք ձեր երեխայի նորմալ կրթությունը կապահովենք»։ 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում