Ֆոն դեր Լայենը քննադատել է Իրանի իշխանություններին
2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների խորհրդաժողովում հայտարարել է, որ Իրանի իշխանությունները «բռնաճնշումների են ենթարկել սեփական ժողովրդին», հետևաբար, «իրանական ռեժիմի համար արցունքներ չպետք է թափվեն», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Այս ռեժիմն ավերածություն և անկայունություն է պատճառել ամբողջ տարածաշրջանում իր պրոքսիների միջոցով, որոնք զինված են հրթիռներով և անօդաչուներով», - նրա ելույթի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը։
Նա նշել է, որ շատ իրանցիներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Եվրոպայում «հույս ունեն, որ այս պահը կարող է ճանապարհ բացել դեպի ազատ Իրան»։
Ֆոն դեր Լայենը նաև ընդունել է, որ տարածաշրջանային հակամարտությունը տարածվել է և հետևանքներ թողել էներգետիկայի, ֆինանսների, առևտրի և փոխադրումների ոլորտներում, հանգեցրել է մարդկանց տեղահանման։
Եվրահանձնաժողովի նախագահը նաև Եվրոպային կոչ է արել վճռականորեն ցուցադրել իր ուժը։
«Մենք վճռականորեն պաշտպանել ենք մեր անդամ պետությունների շահերը, երբ նրանց մարտահրավեր են նետել, օրինակ՝ Դանիայի և Գրենլանդիայի դեպքում: Մենք ներդրումներ ենք կատարում մեր ժողովրդավարական կայունության ամրապնդման գործում՝ դիմակայելու դրսից տեղեկատվության մեքենայություներին: Եվ ամենակարևորը՝ մենք սկսել ենք նախագիծ՝ նախատեսված մի քանի սերնդի համար՝ եվրոպական անկախության նախագիծը…. Մենք պետք է այսուհետ էլ առաջ գնանք: Մենք պետք է պատրաստ լինենք ավելի վճռականորեն ցուցադրել մեր ուժը: Օրինակ՝ դիմադրել ագրեսիային և արտաքին միջամտությանը՝ օգտագործելով մեզ մոտ առկա բոլոր միջոցները՝ տնտեսական, դիվանագիտական, տեխնոլոգիական կամ ռազմական», - ասել է ֆոն դեր Լայենը: