Podcast-Հարց բժշկին. միզարձակման խանգարումները կարող են վկայել լուրջ խնդիրների մասին․երբ է պետք դիմել բժշկի
5 րոպեի ընթերցում

Միզարձակման խանգարումները՝ հաճախամիզությունը, ցավը կամ անմիզապահությունը, հիմնականում պայմանավորված են միզուղիների ինֆեկցիաներով կամ գերակտիվ միզապարկով։ Դրանք կարող են արտահայտվել ցավոտ, անհետաձգելի կամ հաճախակի միզումով և հաճախ պահանջում են մասնագիտական խորհրդատվություն՝ ճիշտ ախտորոշման և բուժման համար։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում
«Հերացի» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կլինիկայի ղեկավար Մհեր Ջավախյանի հետ զրուցել ենք միզարձակման խանգարումների, ախտանշանների կանխարգելիչ զննման և ժամանակին դիմելու կարևորության մասին:

Մասնագետի խոսքով՝ միզարձակման խանգարումները հանդիպում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, սակայն առավել հաճախ նկատվում են 50 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում։ Նրա տվյալներով՝ այդ տարիքային խմբում տղամարդկանց մոտ մոտավորապես 50 տոկոսը բախվում է նման խնդիրների, իսկ կանանց մոտ ցուցանիշը հասնում է մոտ 40 տոկոսի։
Ջավախյանի խոսքով՝ միզարձակման խանգարումները կարող են արտահայտվել տարբեր ձևերով՝ հաճախամիզությամբ, գիշերային հաճախամիզությամբ, անմիզապահությամբ, մեզի շիթի բարակումով, ինչպես նաև ցավոտ և հաճախացած միզարձակությամբ։
Խոսելով պատճառների մասին՝ նա նշել է, որ տղամարդկանց մոտ հիմնական գործոնը հաճախ շագանակագեղձի խնդիրներն են։ «Ավելի երիտասարդ տղամարդկանց մոտ գերակշռում են բորբոքային հիվանդությունները՝ օրինակ պրոստատիտները, իսկ 50 տարեկանից հետո կարող են ի հայտ գալ շագանակագեղձի բարորակ կամ չարորակ գոյացություններ, որոնք հաճախ արտահայտվում են հենց միզարձակման խանգարումներով»,- նշեց ուրոլոգը։
Կանանց դեպքում, նրա խոսքով, խնդիրը հաճախ կապված է միզային համակարգի ինֆեկցիաների՝ հատկապես ցիստիտի հետ, ինչպես նաև կարող է պայմանավորված լինել միզապարկի նեյրոգեն դիսֆունկցիաներով։
Մասնագետը նաև նշեց, որ միզարձակման խանգարումները շատ դեպքերում կապվում են այլ հիվանդությունների հետ։ Նրա խոսքով՝ դրանց առաջացմանը կարող են նպաստել շաքարային դիաբետը, սրտանոթային համակարգի հիվանդությունները, ինչպես նաև նյարդաբանական խնդիրները։ Սակայն, ինչպես ընդգծեց Ջավախյանը, մարդիկ հաճախ սխալմամբ կարծում են, թե նման խնդիրները պարզապես տարիքային փոփոխությունների հետևանք են։
Ուրոլոգը անդրադարձել է նաև կենսակերպի ազդեցությանը՝ նշելով, որ նստակյաց կյանքը, ճարպակալումը, ինչպես նաև ալկոհոլի և կոֆեինի չարաշահումը կարող են նպաստել միզարձակման խանգարումների առաջացմանը։ Այդ պատճառով հիվանդներին խորհուրդ է տրվում վարել ավելի ակտիվ կենսակերպ և հնարավորինս սահմանափակել ալկոհոլի ու կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը։
Խոսելով այն ախտանշանների մասին, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ Ջավախյանը նշեց, որ սովորաբար նորմալ է համարվում օրական մոտ 5-6 անգամ միզելը։ Եթե այդ թիվը գերազանցվում է, արդեն կարելի է խոսել հաճախամիզության մասին։
Նրա խոսքով՝ բժշկին դիմելու պատճառ կարող են լինել նաև ցավոտ միզարձակությունը, մեզի շիթի բարակումը կամ միզապարկի ոչ լիարժեք դատարկման զգացողությունը։ Իսկ արյունամիզության կամ բնական ճանապարհով միզելու անկարողության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց։
Ուրոլոգը անդրադարձավ նաև կանանց մոտ միզարձակման խանգարումների առաջացման պատճառներին՝ նշելով, որ դրանք կարող են կապված լինել ծննդաբերության կամ հորմոնալ փոփոխությունների հետ։ Նրա խոսքով՝ ծննդաբերությունից հետո կոնքի հատակի մկանների թուլացման հետևանքով կանանց մոտ կարող է առաջանալ անմիզապահություն։ Նման խնդիրներ կարող են ի հայտ գալ նաև դաշտանադադարից հետո՝ հորմոնալ փոփոխությունների պատճառով։
«Սակայն դրանք լուծելի խնդիրներ են, և երբեմն նույնիսկ հատուկ վարժությունների միջոցով հնարավոր է զգալիորեն բարելավել վիճակը»,- նշել է մասնագետը։
Նա ընդգծեց՝ այնուամենայնիվ, ամենակարևորը հնարավորինս շուտ բժշկի դիմելն է, որպեսզի խնդիրը ժամանակին ախտորոշվի և չհանգեցնի բարդությունների։
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:
Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները:
