Հայաստան

Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ․ Հակակոռուպցիոն կոմիտե

3 րոպեի ընթերցում

Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հանրային քրեական հետապնդումներ է հարուցել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

«Հաշվի առնելով դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և դատավարության մասնակիցներին՝ իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ նշված քրեական վարույթով բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը սպանության դեպքի առթիվ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում քննվող քրեական գործով ներգրավված է եղել որպես սպանությունը կատարած մեղադրյալի պաշտպան»,-հայտնում է Կոմիտեն։

Նշվում է, որ դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից՝ նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցին՝ սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ բացի այդ, վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակնհայտ սուտ ցուցմունք:

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ»,-նշում է Կոմիտեն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում