Դարձեք զինվորական, ձեռք բերեք բնակարան և ստացեք բարձր աշխատավարձ. Սուրեն Պապիկյանի առաջարկը՝ երիտասարդներին
2 րոպեի ընթերցում

Կառավարությունը վերջին տարիներին էական ջանքեր է գործադրել, որպեսզի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հնարավորությունները մեծանան և ավելի շատ մարդիկ զինվորական դառնալու որոշում ընդունեն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ շեշտելով, որ դրա նպատակն է բանակի շարքերը համալրել բանիմաց սպաներով, ավելացնել թվաքանակը, մրցակցությունը և մասնագիտության մրցունակությունը։
«Այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում ընդունվեց ևս մեկ օրենք, որը հնարավորություն է տալիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտող մեր կուրսանտներին միանգամից համարվել ատեստավորված և ստանալ ավելի բարձր աշխատավարձ, քանի որ դրան կգումարվի նաև ատեստավորման գումարը։ Եվ, ըստ այդմ, գերազանց առաջադիմությամբ սպան կարող է ստանալ 620-ից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ՝ նշանակման օրվանից սկսած։ Այսինքն, քառամյա կրթությունից հետո դուք կարող եք վաստակել էական բարձր աշխատավարձ։ Իմ նախորդ հոլովակներում ես խոսել եմ նրա մասին, որ մենք ապահովել ենք, որ արդեն 2026 թվականից սպաները ավարտելուն պես ստանան նաև բնակարան։ Դա կարժենա մոտավորապես 35 միլիոն դրամ, կարող եք գնել Երևանում, հանրապետության այլ հատվածում։ Առաջարկս հետևյալն է՝ դարձեք զինվորական, ստացեք բնակարան, որը կարժենա 35 միլիոն դրամ և վաստակեք աշխատավարձ 620-750 հազար դրամ։ Կարծում եմ, որ այսօր Հայաստանում չկա այլ մասնագիտություն, որը կարող է ձեզ ընձեռել նման հնարավորություն»,- ասել է պաշտպանության նախարարը։