«Կորցված, գտնված, թաքցված» ֆիլմը կբացահայտի «Սկևռայի Ավետարան»-ի խորհրդավոր անհետացման և հայտնաբերման պատմությունը

7 րոպեի ընթերցում

Ինչպե՞ս է 12-րդ դարի հայկական գլուխգործոցը՝ «Սկևռայի Ավետարան»-ը,  հայտնվել Լեհաստանում, ինչպե՞ս է անհետացել Երկրորդ համաշխարհային պատերազմի քաոսում և տասնամյակներ անց հանկարծակի «հարություն առել»։

Այս հարցերի պատասխանները հնարավոր է գտնել ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմում, որը նրա 5-ամյա հետաքննական աշխատանքի արդյունքն է և բացահայտում է հռչակավոր ձեռագրի դրամատիկ ճակատագիրը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ֆիլմը, որը մարտի 5-ին կցուցադրվի Երևանում՝ Մատենադարանում, կյանքի է կոչվել Հայաստան-Լեհաստան մշակութային համագործակցության շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի  համաֆինանսավորմամբ։

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծեց, որ մշակույթի միջոցով է հնարավոր արդար ու անկեղծ հաղորդակցվել աշխարհի հետ։ Նա հիշեցրեց, որ վերջերս ՀՀ վարչապետը պաշտոնական այցով Լեհաստանում է եղել և այցելել է Լեհաստանի ազգային գրադարան, որտեղ պահվում է «Սկևռայի Ավետարան»-ի բնօրինակը։ Թեմայի շուրջ Լեհաստանում քննարկումներ է ունեցել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք սկսում ենք գործնական, տնտեսական, ռազմավարական կապեր մի երկրի հետ, որի հետ դարեր առաջ ենք լավ հարաբերություններ հաստատել հենց մշակույթի միջոցով։ Սա այն եզակի դեպքերից է, երբ վստահ կարող ենք ասել, որ գրքի բնօրինակը հուսալի ձեռքերում է, և մենք բավարարվում ենք կրկնօրինակով, որը Մատենադարանում է»,-ասաց Դանիելյանը։

Խոսելով ֆիլմի մասին՝ փոխնախարարն ընդգծեց, որ այսօր արժեքավոր կինոնկար ստեղծելը բավականին բարդ է, այնինչ ծնվել է մի ֆիլմ, որն անդրադառնում է մեր մշակույթին, երկու երկրների բարեկամական հարաբերություններին։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շեշտեց՝ Մատենադարանից դուրս աշխարհում կա մի մեծ Մատենադարան՝ մասնավոր հավաքածուներում, տարբեր երկրների թանգարաններում, գրադարաններում, հոգևոր ձեռագրական կենտրոններում։

«Մենք՝ իբրև հայերեն ձեռագրերի մայր կառույց, չենք կարող անտարբեր լինել աշխարհում առկա այդ վերացական  Մատենադարանի հանդեպ։  Այն ամենը, ինչը վերաբերում է հայերեն ձեռագրերի հանրայնացմանը, ճանաչելիության բարձրացմանը, հայերեն ձեռագրերի գիտական  հետազոտմանն ու վերականգնմանը, մեր կառույցի գիտական առաջնահերթություններից է»,-վստահեցրեց նա։

Խզմալյանը հիշեցրեց, որ երկու տարուց ավելի իրականացնում են «Մատյանների տունդարձ» արշավը, որի շրջանակում հարյուր ձեռագիր միավոր է մուտք գործել Մատենադարան։ Ձեռագրերը ձեռք են բերվել աճուրդներից, մասնավոր հավաքածուներից, անհատների, բարերարների միջոցով։

«Այսօրվա ֆիլմը յուրատեսակ փոխաբերական իմաստով վերադարձ է, որովհետև մենք առիթ ենք ստեղծում հայ հասարակությանը ներկայացնելու կիլիկյան ձեռագրական արվեստի, մանրանկարչության գլուխգործոցը՝ «Սկևռայի Ավետարան»-ը, որը ընդհանրապես մեր ձեռագրական ժառանգության գլուխգործոցներից է և պահպանվում Է Լեհաստանի ազգային գրադարանում։ Անցյալ տարի առիթ ունեցա այն տեսնելու, իսկ այս տարի մենք հյուրընկալելու ենք Լեհաստանի ազգային գրադարանի աշխատակցին, և ես մեծ հույս ունեմ, որ առիթ կլինի օրերից մի օր այստեղ կազմակերպել «Սկևռայի Ավետարան»-ի բնօրինակի ցուցադրությունը»,-ասաց Արա Խզմալյանը։

Հանդիպմանը ներկա էր նաև Կրակովի համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, որը հանդես է եկել ֆիլմում։ Նա ընդգծեց, որ զբաղվում է «Սկևռայի Ավետարան»-ի հետազոտմամբ և նրա ճակատագրի պարզաբանմամբ այն ժամանակներից, երբ գիրքը հայտնվել է Լեհաստանում։ Այդ հարցում նրան ոգեշնչել են համալսարանի գործընկերները։

Ստոպկայի խոսքով՝ Ավետարանը կրկնում է այն հայերի ճակատագիրը, որոնք իրենց կյանքը կապել են Լեհաստանի հետ, քանի որ այն սկիզբ է առել Կիլիկիայում, հետո հայտնվել է Ղրիմում, Լվովում, Կրակովում, Գնեզնոյում, իսկ այժմ Վարշավայում է։

Ռեժիսոր Վահրամ Մխիթարյանը կարծել է, թե ֆիլմը հնարավոր կլինի մեկ տարում նկարահանել, սակայն պարզվել է, որ մի քանի տարի է հարկավոր։ Խանգարել է նաև համավարակը։ 2019-ին, երբ սկսել է ֆիլմը, մահացել է Վարդան Գրիգորյանը, որը երկար տարիներ եղել է Մատենադարանի գիտաշխատող և  ձեռագրերի որոնողական աշխատանքներով է  զբաղվել։ Նա եղել է խորհրդային Ուկրաինայում, Լեհաստանում և նկարագրել է իր բոլոր հանդիպումները հոդվածներում։ Գրիգորյանն իր հոդվածներից մեկում գրել է, որ «Սկևռայի Ավետարան»-ը 740 տարեկան է, և ոչ ոք չգիտի, թե երբ է այն Սկևռայից դուրս եկել ու երբ է  վերադառնալու։ Նա նշել է, որ Ավետարանն ամենամեծ «պանդուխտն ու թափառականն» է։

Վահրամ Մխիթարյանը խոստովանեց՝ ցանկացել է նկարահանել այդ ֆիլմը, երբ Լեհաստանում ապրելիս նկատել է, որ դուստրը կանգնած է ձուլման վտանգի առաջ։ Որոշել է նրան պատմել, թե ով է նա, ինչ արմատներ և ինքնություն ունի։

Վահրամ Մխիթարյանը նաև ֆիլմի սցենարի հեղինակն է, սցենարի համահեղինակն ու պրոդյուսերը Ալեքսանդրա Մայջինսկան է, մոնտաժը՝ Սլավոմիր Վիտեկի, ձայնը՝ Կատաժինա Ֆիգատի, երաժշտությունը՝ Արսեն Բաբաջանյանի։

Ֆիլմի կարճ նկարագրության մեջ ասվում է. «Կորցված, գտնված, թաքցված» կինոնկարը բացահայտում է միջնադարյան հայկական ձեռագրի՝ «Սկևռայի Ավետարան»-ի զարմանալի ճանապարհը՝ սկսած Կիլիկիայի հայկական թագավորության ափերից մինչև ժամանակակից Լեհաստան։

Այն պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեռագրի կորստի և XX դ. վերջին նրա գրեթե պատահական հայտնաբերման, կրկին անհետացման մասին։

«Սկևռայի Ավետարան»-ի ճակատագիրն ինչ-որ ձափով ներկայացնում է Լեհաստանի հայկական համայնքի պատմությունը, ինչը ձեռագրի ուղին դարձնում է ավելի քան խորհրդանշական։ Ֆիլմի հեղինակները փնտրում ու գտնում են ձեռագրի ճանապարհին հայտնված վկաներին՝ նրանց, ովքեր առանցքային դեր են խաղացել գրքի հայտնաբերման և փրկության գործում, և որոնց կյանքում բացառիկ ձեռագիրն անջնջելի հետք է թողել։

Հայերեն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր