Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ հարվածներն անպատասխան չեն մնա. Ադրբեջանի ՊՆ
2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Իրանի Զինված ուժերին մեղադրելով Նախիջևանի օդանավակայանի և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մեջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարության մեջ նշվում է, թե Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ են հասցրել Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջազգային օդանավակայանին և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի տեխնիկական տվյալներն ու այդ հարձակումների մանրամասները ներկայումս ուսումնասիրվում են։
«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է մեր երկրի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից՝ որևէ ռազմական անհրաժեշտության բացակայության պայմաններում: Հարկ է նշել, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը լիովին դրված է Իրանի Իսլամական Հանրապետություն վրա։ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ պատասխան միջոցներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման նպատակով, և այդ հարձակումներն անպատասխան չեն մնա»,-գրված է հայտարարության մեջ։