Տնտեսություն

ԵԱՏՄ-ն սակագնային արտոնություն է տրամադրել 2026 թվականին խոշոր եղջերավոր անասունների մսի ներմուծման համար

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն սակագնային արտոնություն է տրամադրել 2026 թվականին խոշոր եղջերավոր անասունների մսի ներմուծման համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2026 թվականին անդամ երկրների համար խոշոր եղջերավոր անասունների մսի ներկրվող որոշ տեսակների վրա մաքսատուրքից ազատման տեսքով սակագնային արտոնություն է տրամադրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սահմանված են հետևյալ առավելագույն ծավալները՝ Հայաստանի համար՝ մինչև 7,5 հազար տոննա, Բելառուսի համար՝ մինչև 7,5 հազար տոննա, Ղազախստանի համար՝ մինչև 5 հազար տոննա, Ղրղզստանի համար՝ մինչև 5 հազար տոննա և Ռուսաստանի համար՝ մինչև 100 հազար տոննա:

ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը որոշման հետ կապված նշել է, որ մաքսային կարգավորման այս միջոցը հանդիսանում է հավասարակշռված որոշում, որն իր նպատակային բնույթի շնորհիվ կաջակցի մսի վերամշակման ոլորտին:

«Այն չի ազդի ներքին շուկայում տավարի մսի գնագոյացման վրա և չի ստեղծի լրացուցիչ ռիսկեր մսի արտադրության ոլորտում ներդրումային նախագծերի իրականացման համար»,- ասել է նախարարը և հավելել, որ հաշվի առնելով անցյալի փորձը՝ համապատասխան սակագնային արտոնությունների կիրառումը թույլ է տվել բնակչության համար ապահովել մսամթերքի մատչելիությունը և զսպել սպառողական գների աճի տեմպերը:

Նշենք, որ խոշոր եղջերավոր անասունների մսի ներկրումը Միության երկրներ հիմնականում իրականացվում է Լատինական Ամերիկայի երկրներից և Հնդկաստանից: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10  օրացուցային օր անց և կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում