Գիտություն

Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումը 2017-ից հետո աճել է 180 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումը 2017-ից հետո աճել է 180 տոկոսով

Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումը 2017 թվականից հետո աճել է 2,8 անգամ կամ 180 տոկոսով՝ 14,3 մլրդ դրամից հասնելով 40,2 մլրդ դրամի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրված տեսանյութում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ այդ գումարները ծախսվել են աշխատավարձերի բարձրացման և սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ։

«Լաբորանտի կամ ճարտարագետի աշխատավարձը 67 հազար դրամի փոխարեն դարձել է 138 հազար դրամ, այսինքն՝ կրկնակի աճել է։ Ավագ լաբորանտի աշխատավարձը 76 հազարից դարձել է 179 հազար դրամ, կրկնակիից ավելի աճել է։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձն 85 հազար դրամից դարձել է 210 հազար դրամ, կրկնակիից ավելի աճել է։ Գիտաշխատողի աշխատավարձը 90 հազար դրամից դարձել է 276 հազար դրամ, այսինքն՝ եռապատկվել է։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձն 99 հազար դրամից դարձել է 343 հազար դրամ, այսինքն՝ ավելի քան եռապատկվել է։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114 հազար դրամից դարձել է 443 հազար դրամ, համարյա քառապատկվել է, գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 138 հազար դրամից դարձել է 552 հազար դրամ՝ քառապատկվել է։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 129 հազար դրամից դարձել է 410 հազար դրամ, ավելի քան՝ եռապատկվել է։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 141 հազար դրամից դարձել է 477 հազար դրամ»,- ասաց վարչապետը։

Վարչապետը հավելեց՝ 2021-2025 թվականներին գրեթե 20 մլրդ դրամ է տրամադրվել գիտական ոլորտի սարք-սարքավորումների ձեռքբերման համար, որոնք տրամադրվել են տարբեր գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի։

«ԵՊՀ-ի համար ձեռք է բերվել սուպերհամակարգիչ, որի համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 3,7 մլրդ դրամ»,- նշեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում