Ջրանջատումներ լինելու են, բայց դա չի լինի «Վեոլիա ջուր»-ի հրապարակած ռեժիմներով. Ջրային կոմիտեի նախագահ
5 րոպեի ընթերցում
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հայտարարել է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը կոմիտեի հետ չի համաձայնեցրել 2026 թվականի ջրամատակարարման գրաֆիկը, որն օրեր առաջ հրապարակվել էր և մեծ աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղալամքարյանն այդ մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած հիմնավորումներին, թե ջրային ռեսուրսները սահմանափակ են, իսկ ամռան ամիսներին ջրի օգտագործման ծավալներն ավելանում են, ինչով էլ պայմանավորված է ամռանը ջրամատակարարումը սահմանափակելու որոշումը՝ Ղալամքարյանն ասել է.
«Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է։ Այսինքն, «Վոելիա ջուր» ընկերությունը չի խաբում։ Ընկերությունը նախապես ասում է, որ չի կարողանալու 24-ժամյա ջրամատակարարում ապահովել ամառվա ամիսներին, ինչը իսկապես այդպես է, մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Հարցն այն է, թե այդ ջրանջատումների տևողությունը ինչպիսին պետք է լինի։ Գրեթե նույն ժամանակացույցը, որը օրերս հրապարակվեց «Վեոլիա ջուր» ընկերության կողմից, հրապարակվել էր նաև նախորդ տարվա նոյեմբերին։ Այսպիսի աղմուկ, այսպիսի աժիոտաժ չի եղել։ Օրերս հրապարակված գրաֆիկում ընդամենը երեք հասցեի փոփոխություն է եղել։ Մենք հասկանում ենք, որ նախընտրական շրջանում ենք, նման թեմաները, այո, ոմանց կողմից օգտագործվում են, բայց մի բան հստակ է՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը ունեցել է պարտավորություն՝ կարգի համաձայն հրապարակել ժամանակացույցը, ինչն արել է»,- նշել է Ջրային կոմիտեի նախագահը։
Նա հավելել է՝ Կառավարությունը կարծում է, որ ջրամատակարարման գրաֆիկը կարելի է լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ, այսինքն՝ լինի ժամերի և ռեժիմների փոփոխություն։
«Կառավարությունը երեկ վերահաստատել է, որ նպատակային գումարներ է ուղղելու և քայլեր է ձեռնարկելու, որպեսզի լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան։ Մենք ծրագիր ունենք, որի գաղափարը հղացել են երեք տարի առաջ, ու իմ նշանակումից հետո մենք այդ ուղղությամբ ռեալ քայլեր ենք արել։ Հաշվի առնելով խնդրի զգայունությունը՝ Կառավարությունը փորձում է օգնել «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ ավելի լավ ռեժիմով ջրամատակարարում ունենալու հարցում։ Մենք ներդրումային ծրագրեր ենք իրականացնելու ենթակառուցվածքների թարմացման ու նոր ջրաղբյուրներ բերելու ուղղությամբ։ Կարգավորումներում էլ անելու ենք որոշակի փոփոխություններ, որոնք բերելու են ռեժիմի փոփոխության։ Մեզ երկու շաբաթ ժամանակ տվեք, մենք կաշխատենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա ջուր» ընկերության հետ և արդյունքների մասին դուք կիմանաք»,- մանրամասնել է Արամազդ Ղալամքարյանը։
Նա հավելել է, որ այն հասցեներում, որտեղ «Վեոլիա ջուր»-ի հրապարակած գրաֆիկի համաձայն՝ պետք է լիներ ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, կլինի ջրամատակարարման ժամերի ավելացում։
Ջրային կոմիտեի նախագահը հստակեցրել է, որ այն հասցեներում, որտեղ ամռան ամիսներին նախատեսվում էին օրվա կտրվածքով 7-ժամյա ջրանջատումներ, կկարողանան ունենալ 4-ժամյա ջրանջատման գրաֆիկ, իսկ կլինեն նաև հասցներ, որտեղ կլինի 24-ժամյա ջրամատակարարում։
Նա նաև պարզաբանել է, թե ինչու Երևանի համար ջուրը ամռան ամիսներին չի բավարարում։
«Դեպի Երևան մղվող ջրի մերձակայքում, այսինքն՝ այդ խողովակաշարերի մերձակա գյուղերի բնակիչները, Երևանի բնակիչները, Երևանի արվարձանների բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով, դրա համար խմելու ջուրը չի բավարարում։ Բնականաբար, շոգ եղանակ է, մարդիկ սկսում են ավելի շատ ջուր օգտագործել, այդ պատճառով ջուրը չի բավարարում։ Դա նաև մի երևույթ է, որը սրվել է նաև կլիմայական փոփոխությունների հետևանքով։ Մենք Երևանում վերջին 5-6 տարիների կտրվածքով ունենք 24 տոկոս ջրի նվազում հենց ջրաղբյուրներում։ Միևնույն ժամանակ, Երևանում տնտեսությունն աճում է, ունենք կառուցապատման ահռելի տեմպ, նոր բաժանորդների շատ մեծ քանակ»,- պարզաբանել է Ղալամքարյանը։
Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ ջրանջատումներ լինելու են, բայց չեն լինելու այն ռեժիմներով, որոնց մասին հայտարարել է «Վեոլիա ջուր»-ը, լինելու են ավելի լավարկված, բարելավված ռեժիմներով։
Նա նշել է նաև, որ Հայաստանում տարեկան կտրվածքով 45 տոկոս ջրի կորուստ է տեղի ունենում։