Միացյալ Նահանգներ

Չինաստանը կարող է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից 10% մաքսատուրքերի սահմանման առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Չինաստանը կարող է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից 10% մաքսատուրքերի սահմանման առնչությամբ

Չինաստանի իշխանությունները կարող են ճշգրտումներ մտցնել նախկինում ԱՄՆ-ի նկատմամբ սահմանված հակամիջոցներում՝ հաշվի առնելով ամերիկյան նոր 10% գլոբալ մաքսատուրքերը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը՝ նշելով, որ բոլոր փոփոխությունները հաշվի կառնեն Չինաստանի շահերը։

«Չինաստանն ուշադրությամբ հետևում է իրադրությանը և կկատարի Միացյալ Նաhանգների համապատասխան միջոցների համապարփակ գնահատում.... Մենք մեզ իրավունք ենք վերապահում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սեփական օրինական իրավունքներն ու շահերը վճռականորեն պաշտպանելու համար», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-ի կողմից բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների համար 10% գլոբալ մաքսատուրքերի սահմանման կապակցությամբ։

Նշվում է, որ Պեկինը «հարկ եղած ժամանակ» որոշում կընդունի 2025 թվականին ԱՄՆ մաքսատուրքերի առնչությամբ  ընդունած միջոցների ճշգրտման նպատակահարմարության մասին։

«Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս ցանկացած ձևի միակողմանի մաքսատուրքերի դեմ։ Մենք պնդում ենք, որ ամերիկյան կողմը հրաժարվի դրանցից և ապագայում ձեռնպահ մնա դրանք սահմանելուց», - ընդգծվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հավելում է, որ իրավահավասար համագործակցությունը շահավետ է ինչպես Չինաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար, իսկ առճակատումը «երկուստեք վնաս է հասցնում»։

«Չինաստանը պատրաստ է անկեղծ խորհրդակցություններ անցկացնելու ԱՄՆ-ի հետ Չինաստան-ԱՄՆ առևտրատնտեսական բանակցությունների առաջիկա վեցերորդ փուլի ընթացքում», - հայտարարել է Առևտրի նախարարությունը։

Փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել մի շարք երկրներից ներմուծվող ապրանքների համար ավելի վաղ կիրառվող մաքսատուրքերը։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել բոլոր երկրներից ներմուծման 10% մաքսատուրքեր սահմանելու մասին։ Որոշումն ուժի մեջ է մտել փետրվարի 24-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում