Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-7/26. Անտաշյան, Գայնսա, Ֆիշեր

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-7/26. Անտաշյան, Գայնսա, Ֆիշեր

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականի վերջում և 2026 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականությունԿարեն Անտաշյան «Լավ պրծա»

Բանաստեղծ Կարեն Անտաշյանի առաջին արձակ ժողովածուն վավերագրական սթենդ – ափ է՝ գրված հուշագրության լեզվով: Գիրքը լողում է ֆլեշ- ֆիկշնի, էսսեի և ապրված հումորի խաչմերուկում՝ ներկայացնելով պատմություններ, որոնցից հետո ուզում ես և՛ հռհռալ, և՛ լուռ ծխել: Այն իր սերնդի խտացված ինքնակենսագրությունն է, որ սովորեցնում է ծիծաղել ցավի վրա և փիլիսոփայություն կորզել կենցաղից:

Այս կարճապատումները հիշեցնում են, որ կյանքը բարդ, անտրամաբանական, բայց զվարճալի արկած է, որից, ի վերջո, կարելի է «լավ պրծնել»:

Խմբագիր՝ Հասմիկ Հակոբյան: Գիրքը լույս է ընծայել «Գրանիշ»-ը:

Թարգմանական գրականությունՄարիա Գայնսա, «Սև լույսը»

«Սև լույսը» Մարիա Գայնսայի նուրբ, ինտելեկտուալ և խորապես անձնական վեպն է, որը միավորում է արվեստը, հիշողությունը և ինքնության որոնումը։ Պատմությունը կառուցված է արվեստաբանի ձայնով պատմվող դիտարկումների շուրջ, որտեղ նկարները, ցուցասրահները և նկարիչների կենսագրությունները վերածվում են ներքին խոստովանությունների և կյանքի բեկումնային պահերի արտացոլման։

Վեպը զարգանում է դանդաղ, դիտողական ռիթմով՝ ընթերցողին հրավիրելով մտնել արվեստի և մարդու ներաշխարհի միջև գտնվող սահմանային տարածք։ Գայնսան արվեստը չի ներկայացնում որպես առանձին թեմա, այլ որպես լեզու, որով հերոսուհին փորձում է հասկանալ սեփական անցյալը, հարաբերությունները և կորուստները։ «Սև լույսը» վեր է ածվում հիշողության քարտեզի, որտեղ յուրաքանչյուր նկար բացում է նոր շերտ՝ թաքնված ցավերի, սիրո և ինքնաճանաչման մասին։

Հեղինակի ոճը զուսպ է և ճշգրիտ․ յուրաքանչյուր նախադասություն ունի դիտողական խորություն, իսկ լռությունները նույնքան կարևոր են, որքան ասվածը։ Վեպը մերժում է դասական սյուժետային լուծումները՝ փոխարենը առաջարկելով ինտելեկտուալ ու զգայական ընթերցանություն, որտեղ արվեստը դառնում է ինքնապաշտպանության, հիշելու և վերաիմաստավորման միջոց։

Թարգմանիչ՝ Ալիս Տեր-Ղևոնդյան։ Գիրքը լույս է ընծայել «Էջ»-ը:

Նոն ֆիքշն գրականությունՄարկ Ֆիշեր, «Միլիոնատիրոջ գաղտնիքները»

Գիրքը ինքնահաղթահարման մասին է, առանց որի անհնար է իրականություն դարձնել ամենանվիրական երազանքներն ու ցանկությունները: Բարդ, հակասություններով լի ու անկանխատեսելի է ինքնահաղթահարման ճանապարհը. որքան էլ կարևոր է ուսուցչի դերը, այնուամենայնիվ, սեփական կամքն ու համառությունը ամենաորոշիչն են: Տարօրինակ միլիոնատիրոջ և ինքն իրեն արժևորել փորձող հերոսի` մոգական երանգներով հանդիպումները աստիճանաբար բացահայտում են երազանքն իրականություն դարձնելու հոգեբանական հնարքներն ու գաղտնիքները:

Թարգմանությունն անգլերենից՝ Նոնա Դավթյանի։ Խմբագիր Նելլի Հայրապետյան։ 

Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում